Երեկ միջադեպ է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապիայի բաժանմունքում գումար են պահանջել պետպատվերներով բուժօգնության դիմած ազատամարտիկից: Արցախյան պատերազմի մասնակից, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Աշոտ Հակոբյանը մեծ աղմուկ է բարձրացրել բուժկենտրոնում, որից հետո հիվանդանոցի տնօրենը հանձնարարել է անվճար բուժօգնություն կազմակերպել:
«Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում պահանջում էին վճարել «տոկեր» ստանալու համար: Ես էլ ասեցի՝ ինչի՞ պիտի վճարեմ, պետպատվերով եկել եմ, որ գումար տա՞մ: Զինվորական մարդ եմ, եթե փող ունենայի, կգնայի ուրիշ տեղ բուժում կստանայի, ինչի՞ էի պետպատվերով էստեղ գալիս: Ինձ պետպատվերով կոմպլեքս բուժում է հասնում՝ սիստեմաներ, ֆիզկուլտուրա, մերսումներ, իրենք դրա համար ինձնից գումար էին պահանջում: Ասում եմ՝ նախարարությունից ձեզ փողը չե՞ն փոխանցելու, ասում են՝ կարող է՝ չէ: Ես շատ ջղայինացա, թղթերը վերցրեցի գնացի տնօրենի մոտ: Էդ ամենից հետո տնօրենն ինձ ասումա՝ քեզ ո՞վ է ասել, որ դա վճարովի ա: Զանգեց տեղակալին, որ խնդիրը լուծի, ասեց՝ գնա քո բուժումը ստացի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հակոբյանը:
Նոր նախարարը, որ սենց քանդում ա սաղ, ո՞նց ա լինելու: Մենք հայրենիքի համար կյանքն ենք տվել, ստից ստուգման համար փող են պահանջում, ասում են՝ վճարովի: Ի՞նչ վճարովի… ես էդ 70 հազարի չափ արժեք չունե՞մ երկրի համար: Կռված տղա եմ, ամեն ինչի միջով անցել եմ, ուրեմն ես այսօր չկարողանա՞մ իր իրավունքները պաշտպանեմ: Պաշտպանեցի ու ստացա անվճար բուժում, բայց ամոթ ա սենց բաները: Սովոր են տոնից տոն Եռաբլուր գնալ մի ծաղիկ դնել գերեզմանին ու գնան», – վրդովված ասել է Աշոտ Հակոբյանը:
Ամբողջությամբ՝ aysor.am