Հոկտեմբերի 14-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց «Մեծ փոքրիկները» նախագծի երկրորդ եթերաշրջանը, որն այս անգամ ունենալու է հետաքրքիր հատված. պարբերաբար կներկայանան 60-ից բարձր շնորհալի մարդիկ, որոնք կցուցադրեն իրենց տաղանդն ու կարողությունները:
Life.panorama.am-ը նախագծի նոր եթերաշրջանի մասին զրուցել է ռեժիսոր և պորդյուսեր Աննա Թադևոսյանի հետ: Նրա խոսքով՝ այս եթերաշրջանում «Մեծ փոքրիկներն» ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ նախագիծ ներգրավելով նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ շնորհաշատ փոքրիկներին:
«Առաջին եթերաշրջանը ուղղակի ստիպեց մեզ մտածել երկրորդ եթերաշրջանի մասին, որովհետև պարզվեց, որ մենք ունենք մեծ թվով տաղանդավոր փոքրիկներ, իսկ արդեն ընթացքում հասկացանք, որ կարելի է ընդլայնել աշխարհագրությունը, քանի որ աշխարհի տարբեր երկրներում անցկացվող տաղանդի մրցույթ-շոուներում տեսնում ենք, որ հաճախ օտար բեմերում փայլում են հենց ազգությամբ հայ երեխաները: Մեր նախագծում կներկայանան Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներից»,- նշեց Աննա Թադևոսյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ նախագիծը շատերի համար պատճառ է դարձել, որ առաջին անգամ գան Հայաստան:
«Մենք ունենք մասնկիցներ, որոնց երկու ծնողներն էլ հայ են, բայց ունենք նաև այնպիսի մասնկիցներ, որոնց ծնողներից միայն մեկն է ազգությամբ հայ: Ունենք փոքրիկներ, որոնք խոսում են հայերեն, բայց կան այնպիսիք նաև, որոնք ընդհանրապես հայերեն չգիտեն: Հատկանշական է այն, որ փոքրիկներ ունենք, որոնք հենց նախագծի շնորհիվ են առաջին անգամ եկել Հայաստան, դեպքեր են եղել նաև, որ նրանց ծնողներն էլ երբևէ չեն եղել իրենց հայրենիքում, կամ եղել են երկար տարիներ առաջ և այս կապակցությամբ են եկել ու սիրահարվել Հայաստանին: Շատերից ենք լսում, որ ասում են՝ այսուհետ ամեն տարի գալու են Հայաստան»,- նշեց նա ու շարունակեց.
«Մեզ համար ամենահուզիչ պահն այնն է, երբ երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնում, որ այս նախագիծն ենք ձեռնարկել և իրենց հնարավորություն ենք տվել գալ Հայաստան, երեխաներն էլ սկսում են հայերն բառեր սովորել: Բացի այն, որ նախագիծը շատ լավն է, տպավորություն ունենք, որ հայանպաստ գործ ենք անում: Ուզում եմ շեշտել, որ դրսում ապրող անխտիր բոլոր երեխաներն ու ծնողները վերջում նշում էին, որ այսուհետ հաճախ են գալու Հայաստան, քանի որ հայի գենի կարևրորությունը զգացին իրենց կյանքում»:
Ի դեպ՝ պրոդյուսերի խոսքով՝ արտերկրում ապրող մեր հայրենակից երեխաներն ավելի անկաշկանդ են և իրենց այդ տեսակով նաև օրինակ են հայաստանաբնակ փոքրիկների համար:
«Դրսում ապրող երեխաները ավելի անկաշկանդ են: Իհակրե, հասկանալի է, որ դա գալիս է օտար ազգի մենթալիտետից, միջավայրից, բայց հույս ունենք, որ այստեղ ապրող մեր տաղանդավոր երեխաները նրանցից կսովորեն ազատվել բարդույթներից, որովհետև նրանք ևս տաղանդաշատ են, բայց երբեմն ամաչում են ըստ արժանվույն ներկայանալ»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Մեծ փոքրիկների» երկրորդ եթերաշրջանում կներկայանան նաև 60-անց տաղանդավոր մարդիկ:
«Այս եթերաշրջանում հավանաբար մեծերի երեք թողարկում կունենանք: Հաղորդման այդ հատվածը կոչվում է «Հավերժ երիտասարդ»: Իրականում, երբ հայտարարությունը տվեցինք, չէինք պատկերացնում՝ արդյոք հայտագրվողները շատ կլինեն և արդյոք տաղանդավոր մեծերը մեզ կդիմեն, բայց պարզվեց, որ ունենք շատ մեծեր, որոնք հոգով շատ երիտասարդ են: Գիտեք, երբ 77 կամ 80 տարեկան մարդը հրաշալի պարում է, մյուսը՝ երգում, կամ սպորտով զբաղվում, դա արդեն ֆենոմենալ երևույթ է: Նշածս երեք թողարկումների վարկանիշն ու մարդկանց արձագանքները կհուշեն՝ հետագայում կշարունակե՞նք հաղորդման մեծերի հատվածը, թե ոչ»,- ընդգծեց ռեժիսորը: