Հետաքրքիր դեպք Երևանում․ Քաղաքացին վնասել է «Վիվարո»-ի գույքը վարչապետության 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին սափրված չներկայանալու պատճառով. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր դեպք Երևանում․ Քաղաքացին վնասել է «Վիվարո»-ի գույքը վարչապետության 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին սափրված չներկայանալու պատճառով. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասել է «Վիվարո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող մի քանի գրասենյակների դռներ ու պատուհաններ։

Երբ ոստիկանները հայտնաբերել են «հերոսին», վերջինս իր արարքը բացատրել է հետեւալով՝ ինքը խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ իր պաշտոնավարման 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ժողովրդին կներկայանա սափրված։ Երբ դա տեղի չի ունեցել, որոշել է վրեժը լուծել բուքմեյքերական ընկերության գույքից։ Գ.Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ ոստիկանության Արաբկիր եւ Կենտրոնական բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ ոստիկանության Արաբկիրի բաժին էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Արիգ Տ-ին:

Վերջինս կասկածվում էր Կասյան փողոցի թիվ 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռան ապակիները քարով դիտավորյալ կոտրելու մեջ: Պարզվել էր նաև, որ նա այդ օրը նմանատիպ եղանակով կոտրել էր նաև Նաիրի Զարյան փողոցի թիվ 1/9 հասցեում գործող մեկ այլ բուքմեյքերական գրասենյակի մուտքի ապակյա դուռն ու դրա կողային հատվածները:

Նույն օրը նա կոտրել էր նաև Մաշտոցի պողոտայի 37/2 հասցեում գործող բուքմեյքերական կենտրոնի գրասենյակի մուտքի դռան և աշխատասենյակների պատուհանի ապակիները: Այդ օրը նա կոտրել էր նաև Ամիրյան 18/2 հասցեում գործող բուքեմյքերական գրասենյակի աշխատասենյակի պատուհանի ապակին, այնուհետև քարով կոտրել էր ներսում եղած հեռուստացույցը և այլ իրեր: Նմանատիպ եղանակով նա նույն օրը կոտրել էր նաև Կոմիտասի պողոտայի թիվ 12, թիվ 46, Հրաչյա Քոչար փողոցի թիվ 7 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռների ապակիներն ու գովազդային վահանակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com