ՀՀ կառավարության ենթակայության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը իր տեղակալ Գոհար Փանաջյանին առաջարկել է «լավով» հեռանալ աշխատանքից, հակառակ դեպքում «վատով» կարվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոհար Փանաջյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հավանաբար շատերդ կմտածեք՝ ինչ եւ ինչու է Գոհարն այժմ գրում այստեղ. ասեմ՝ խնդիր չեմ տեսնում, ցանկանում եմ, որպեսզի կարդաք ստորեւ գրված իրողությունը եւ խորհեք:
Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» եւ լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձեւերով» չարվի», իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նորմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը:
Ասելով իմ մասին, որ հայրենասեր եմ, օրինավոր ՀՀ քաղաքացի, պարկեշտ ու արհեստավարժ, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղած պետական պաշտոնյա, արդարության ու ազնվության սկզբունքներին ողջ կյանքս հետամուտ եղած քաղաքացի ու երկրիս պետականաշինության, մասնավորաբար, առողջապահության ոլորտի մասով, իմ համեստ լուման ունեցած, բժշկական կադրեր կրթած անձ: Գուցե համեստ չթվա, սակայն դրանով էլ ասելիքս ավարտված եւ շարքը սպառված չէի համարի թերեւս: Ինչեւէ: Սակայն այսով կավարտեմ:
Այնուամենայնիվ, ձայնս լսելի է լինելու: Այս անգամ՝ հաստատակամորեն:
Նոր Հայաստանում Նոր իրողություն է փոխվել, որը այս ձեւով չպետք է դրսեւորվի՝ սպառնալիքով, շանտաժով, անչափելի ցուցիչներով պրոֆեսիոնալ ու արդարամիտ մարդկանց, հենց այնպես, հավեսի համար, «լավ թիմ ունեմ տեսադաշտումս արդեն» վանկարկմամբ քամահրաբար փողոց նետելով ու մատնելով անելանելիության, ընտանիքի կեցության նվազագույնս ապահովման անորոշ ճակատագրին:
Այդ արարքները Նոր Հայաստանում պետք է խստագույնս պատժվեն:
Այս արարքների համար պետք է տեղյակ լինի երկրիս Վարչապետը:
Այլ կերպ՝ խոցոտված Հայրենիքիս վերքերի բուժման հանապազօրյա հարցն առկախվելու է, փակուղի են մտնելու հեղափոխության լավատեսության մեջ կռած մեր երազանքներն ու նպատակները, եւ պանդխտության չփակվող դուռը այդպես էլ բաց է մնալու»,- գրել է Փանաջյանը: