«Բարիկադներ քանդելու սահմանը պետք է գծի անցումային արդարադատությունը». քաղաքագետ
Advertisement 1000 x 90

«Բարիկադներ քանդելու սահմանը պետք է գծի անցումային արդարադատությունը». քաղաքագետ

«Բարիկադներ քանդել» անվանումը ստացած կադրային քաղաքականությունը, անգամ Նիկոլ Փաշինյանի բացատրությունից հետո, չի համոզել հանրության որոշ մասին, քանի որ, ըստ նրանց, չի տեղավորվում Թավշյա հեղափոխության տեսլականի մեջ:

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին իշխանության փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը կամ Կենտրոնի թաղապետի պաշտոնում նախկին իշխանության պալատական ներկայացուցիչ Վիկտոր Մնացականյանին արված առաջարկը, մեղմ ասած, համոզիչ չեն հանրության մի մասի համար: Սա ակնհայտ է դառնում թե մամուլում, թե սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներից:

Հանրության այդ մասի համար անհասկանալի է, թե ինչու է իր շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ռևերանսներ անում նախկին իշխանության որոշ հենասյուների առաջ ու բարձր պաշտոնի նշանակում մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են մերժված իշխանության սիմվոլ լինելու կոչումը կամ գոնե տաքուկ ապրել են այդ իշխանության կերակրամանից օգտվելու հաշվին:

Մինչդեռ հեղափոխական իշխանությունը հանրության համար նոր անակնկալ է պատրաստում: Ինչպես հայտնի է՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարերեց, որ ՔՊ-ի ցուցակում հնարավոր է «բարիկադների» մյուս կողմում եղած մարդիկ:

«Բարիկադներ քանդելը ճիշտ է, բայց հարցն այդ բարիկադները քանդելու օպտիմալ, ճիշտ ճանապարհն է»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդայանը՝ հավելելով, որ բարիկադ քանդելու գործընթացը հնարավոր է համարում միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո:
«Անցումային արդարադատության փուլն անցնելուց հետո կկարողանանք լիրաժեք իրականացնել բարիկադների քանդման աշխատանքները»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ բարիկադ քանդել չի նշանակում, որ նախկին իշխանությւան սիմվոլները պետք է բարձր պաշտոններ ստանան:

«Եթե անցումային արդարադատության արդյունքում պարզվի, որ այս կամ այն գործիչը իսկապես հանցագործությունների մեջ է ներգրավված եղել, սահմանափակումներ պետք է լինեն նրա քաղաքական գործունեության համար: Ծանր հանցագործությունների դեպքում բնականաբար քրգործ պետք է հարուցվի»,-մանրամասնեց քաղաքագետը՝ շարունակելով. «Ոչ ծանր հանցաքների պարագայում մարդկանց հնարավորություն է տրվում ներողություն հայտնելու և եթե հասարակությունն այն ընդունում է, կարող է հնարավորություն ստանալ հետագայում ևս քաղաքական գործունեություն ծավալելու կամ պաշտոն զբաղեցնել»:

Ըստ նրա, պետք է հստակ սահման գծվի, լինեն այս չափանիշները և դա իսկապես կլինի բարիկադների քանդում: «Բարիկադներ քանդելու սահմանը պետք է գծի անցումային արդարադատությունը: Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ որոշակի ռեսուրսների տիրապետող մարդիկ, ներգրավված են եղել հակաիրավական գործունեության մեջ և պետք է շարունակեն ապրել Հայաստանում, և եթե բարիկադները լինեն, չի լինի արդյունավետ կառավարում, համերաշխ հասարակություն, անընդհատ կոնֆլիկտներ կլինեն»,-նշեց նա:

Ամբողջությամբ՝ forrights.am