Սյունիքի մարզի Կապան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի թեկնածուն` Նարեկ Բաբայանը պարտվեց։ Քաղաքապետ ընտրվեց Գևորգ Փարսյանը, որը Փաշինյանի թիմի թեկնածուի հիմնական մրցակիցն էր։ Կապանում նկատվել է նաև մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 53 տոկոս։ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը պարտվեց այն դեպքում, երբ վարչապետն ու իր ամբողջ թիմը լծվել էր նրա քարոզչության գործին։ Այնպես որ, սա կարելի է համարել առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարտությունը Սյունիքի մարզում։
Կապանում հեղափոխական էյֆորիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանի պարտությունը ունի մեկ բացատրություն՝ մարդիկ այս կերպ պատասխանում են Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելու փաստին։ Սյունեցիները չներեցին վարչապետ Փաշինյանի այս նշանակումը։ Ավելին, սյունեցիները չներեցեին այն մեկանաբանությունները, որոնք արվեցին Փաշինյանի և իր թիմի կողմից՝ Հունան Պողոսյանի նշանակումից հետո։
Կապանի ընտրությունների արդյունքները լավ դաս է վարչապետ Փաշինյանի թիմին։ Հասարակությունը հստակ արձանագրում է, որ հեղափոխական տրամադրությունները չեն խանգարելու իրենց ճիշտ գնահատել իրավիճակը։ Եվ եթե կառավարության կողմից իրականացվեն ոչ հասկանալի որոշումներ, նախկին ռեժիմի ներկայացուցիչները նորից պաշտոնների նշանակվեն, ապա Փաշինյանի վարկանիշի անկումը շատ սրնթաց է լինելու։
Անի Սահակյան