Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Advertisement 1000 x 90

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Ալեքսանդրիայի ոմն իշխան կամեցավ տեսնել հայր Պիմենին, իսկ ծերը չցանկացավ ընդունել նրան: Իշխանը որոշեց չար հնարք գործադրել, և կալանավորելով նրա քրոջ որդուն` բանտ գցեց և ասաց. «Թող գա Պիմենը և աղաչի՛ ինձ, և ապա ազատ կարձակեմ հանուն նրա»: Այն ժամանակ տղայի մայրը` Պիմենի քույրը, գալով Պիմենի մոտ՝ կանգնեց դռան առաջ և ողբալով ասաց նրան. «Օգնի՛ր իմ որդուն»: Իսկ ծերը բնավ չնայեց նրա կողմը և չխոսեց նրա հետ: Իսկ քույրն անարգեց նրան և ասաց. «Պղնձե՛ աղիք, ողորմի՛ր ինձ, ահա իմ անդրանիկն ու քո որդին բանտում է»: Իսկ ծերն ասաց. «Պիմենը որդի չունի»: Եվ այդպես գնաց քույրը: Իսկ երբ այդ լսեց իշխանը, ասաց. «Ուրեմն թող խոսքո՛վ պատվիրի, և ես կարձակեմ նրան»: Եվ ծերն իշխանին այսպես պատվիրեց. «Դատի՛ր դրան ըստ արքունի օրենքների, և եթե մահվան արժանի բան է գործել, թո՛ղ մեռնի, իսկ եթե ոչ` շնորհի՛ր ինձ»: Եվ իշխանը շնորհեց նրան իր քրոջ որդուն և ոչ մի հնարքով չկարողացավ տեսնել նրան:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am