«Մեկ աղջիկ է եղել, մեկ տղա, դանակահարություն տեղի չի ունեցել»,- պատմում է «Բրյուսովում» տուժած ուսանողուհու մայրը. hetq.am
Advertisement 1000 x 90

«Մեկ աղջիկ է եղել, մեկ տղա, դանակահարություն տեղի չի ունեցել»,- պատմում է «Բրյուսովում» տուժած ուսանողուհու մայրը. hetq.am

Հոկտեմբերի 23-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան  համալսարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Համալսարանի շենքում բռնություն էր գործադրվել 19-ամյա մի ուսանողուհու նկատմամբ: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկության համաձայն՝ աղջկա երակներն էին կտրել, ապա մարմնի վրա «die»(մահացիր) գրառումն են կատարել: Մամուլում էլ տեղեկություն տարածվեց, որ ուսանողուհու նկատմամբ բռնություն գործադրած աղջիկները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ են եղել:

Ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ դուստրն այժմ տանն է, շոկային վիճակում է: Մոր խոսքով՝ իրականում դանակահարություն տեղի չի ունեցել, աղջկան հարվածներ են հասցրել և քաշքշել: Հարցին՝ հարվածողները նրա մարմնի վրա գրառում կատարե՞լ են, տիկին Արուսը պատասխանեց. «Չկա այդպիսի բան, ես տեսել եմ վնասվածքները, նման գրառում չկա: Միջադեպ եղել է, դա չեմ կարող հերքել, բայց գրառում չի եղել, դանակի ֆակտորը չկա»:

Ուսանողուհու մոր խոսքով՝ միջադեպը և դրան նախորդած իրադարձություները հետևյալ կերպ են տեղի ունեցել. 1-2 ամիս առաջ իր դուստրն անհայտ անձից նամակներ է ստացել: Մորը հայտնել է այդ մասին, իսկ նամակների հեղինակն անհայտ է եղել: Նամակագրության բովանդակությունից հասկացվել է, որ գրողը տղա է, սակայն դեպքին մասնակցել է մեկ տղա և մեկ աղջիկ: Այսինքն՝ միջադեպին մասնակից է եղել նաև մի տղա: Տիկին Ասյան վստահեցնում է, որ դեպքից առաջ իր դուստրն առնչություն չի ունեցել իրեն հարվածողների հետ:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ իր դստերը լեսբուհիներն անպարկեշտ առաջարկներ են արել, մայրն արձագանքեց. «Կա նման բան: Դրդապատճառն ինձ համար հասկանալի կլինի, երբ գործը շուտ բացահայտվի: Ընդամենը ես կարծում եմ, որ կատարողը հիվանդ անձնավորություն է, որ հետապնդում է իմ երեխային, այդքան բան: Ըստ նամակների, որը կարդացվում է՝ գրողը տղա է, նման արտահայտություններ կկատարեր տղան, կարող է մերժված տղա է, ես չեմ կարող իմանալ, թե ով է»:

Ուսանողուհու մայրը ցավով նշեց, որ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նման զարգացումներ կլինեն. «Ամենացավալին այն է, որ ոչ մեկ չէր պատկերացնի, որ իր հետ ինչ-որ բան տեղի կունենա ինստիտուտի պատերի ներսում: Ինքը գտնվում է հիմա շոկային վիճակում, շատ վախեցած»:

Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է. «ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի: Հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի: Քաղաքացուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն: Հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ քաղաքացու վնասվածքների վերաբերյալ մանրամասներ հայտնել չենք կարող: Նախապատրաստվում են նյութեր»:

hetq.am