Ի՞նչ է լինում երբ վարչապետը համաձայն չէ դատարանի որոշման հետ. yerevan.today
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է լինում երբ վարչապետը համաձայն չէ դատարանի որոշման հետ. yerevan.today

ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ից ի վեր շաբաթական առնվազն մեկ անգամ կրկնում է երկու նախադասություն՝

  1. Դատարաններն այլևս լիովին անկախ են, Բաղրամյան 26-ից պատվեր չեն ստանում
  2. Մամուլը երբեք այսքան ազատ չի եղել։

Երկրորդի մասով մենք բազմիցս հայտնել ենք հստակ՝ օրինակներով բերված դիրքորոշում՝ վկայելով հակառակի մասին, իսկ առաջինի մասով Փաշինյանն ինքը հակառակ ապացույցներ բերեց։

Փաշինյանը հայտարարում է․ «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի, պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը դա եղավ, լինելու է նախաձեռնություն այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է: Բայց, դա կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, կարելի է մի ամիս էլ ձգել, տարբերակ չկա, այդ պատագամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Եթե ՀՀ արդարադատություն իրականացնող մարմիններն իրապես արդեն անկախ են, ցուցում չեն ստանում Բաղրամյան 26-ից և չեն զեկուցում ամեն մի քայլը, այդ դեպքում ինչպե՞ս է Փաշինյանը տեղեկացել, որ պատգամավոր պետք է ձերբակալվի կաշառքի գործով, ինչպե՞ս է իմացել, որ այն Հայաստանի ամենամեծ կաշառքի բացահայտվող գործն է, ինչպե՞ս է տեղեկացել անգամ գործով նամակագրությունների կամ տեղեկանքների փոխանցման մասին, ինչպե՞ս է դետալ դետալ-իմացել և հասցրել ծանոթանալ, որ գործն ամբողջությամբ բացահայտված է։ Ի դեպ, եթե ամբողջությամբ բացահայտված է, այդ դեպքում ինչո՞ւ կալանավորվածներ չկան, ինչպես այլ դեպքերում են, նույնիսկ՝ առանց հիմքերի։ Կասկածից վեր է, որ նախաքննական մարմինը վարչապետի գլուխը ծանրաբեռնում է բոլոր քննվող գործերի վերաբերյալ ինֆորմացիաներով, ենթադրյալ փաստերով։

Եթե իրոք դատարանն անկախ է, ապա մենք այդ լուրը ոչ թե վարչապետ Փաշինյանից պետք է իմանանք, այլ թե մենք, թե Փաշինյանը՝ քննչական մարմնի հայտարարությունից։

Բայց վարչապետը մանրամասն տեղյակ է թե դրանից, թե իրավական գործընթացներում ներգրավված հայտնի անձանց գումարային հաշիվներից և ավելին՝ այդ մասին հանրությանը հայտնում է իրավապահներից առաջ ու նրանց փոխարեն։ Հաճախ էլ նա հայտնում է, իսկ իրավապահները ամիսներ անց անգամ ձայն չեն հանում։

Վարչապետ Փաշինյանը թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է․ «Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է, և ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում ուղղակի հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ ես, համոզված եմ, առաջիկայում կիմանաք: Եվ ոչ միայն այս գործով»:

Եթե Հայաստանի՝ արդարադատությունը չակերտավոր չէ, ապա ինչպե՞ս է վարչապետը տեղյակ բացվելիք քրեական գործերի ողջ ծավալին ու արդեն նախապատրաստում է հանրությանը, ինչպե՞ս է հասցրել բոլոր գործերի մասին մանրամասն տեղեկանալ ու կարծիք կազմել, որ հանրությունը սթրես է ապրելու։ Ո՞վ է այդ մասին տեղեկացրել և ինչո՞ւ են նախաքննական գաղտնիքները վարչապետին մեկիկ-մեկիկ զեկուցողները շարունակում պաշտոնավարել։

Եթե ՀՀ դատարանն անկախ է, իշխանությունից հրահանգ չի ստանում, այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը թիվ մեկ ամբիոնից հայտարարում, թե գրավով ազատ արձակվածների գործը պետք է ուսումնասիրվի։ «Մենք, կարծես թե, եկել ենք այն համոզման, որ առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը և ՀԱՍԿԱՆԱՆՔ ՔԱՆԻ ՏՈԿՈՍՆ Է ԳՈՐԾԵՐԻ, ՈՐ ԻՐՈՔ ՄԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆՔ, որ այդ մարդը պետք է գրավով կամ որևէ ձևով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է և դա արվել է կոնկրետ քրեական գործին խոչընդոտելու համար: Եվ մենք պետք է գանք այստեղ համապատասխան հետևությունների, բայց ես ուզում եմ ձեզ ասել՝ միանշանակ, որ ես որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, առավել ևս դատարանների վրա ազդեցություն չունեմ»,- հոկտեմբերի 24-ին հայտարարեց վարչապետը:

Այստեղ մի քանի անկյունաքարային արտահայտություններ կան, որ արժե առանձնացնել ու տեղադրել երևացող տեղում՝ հատուկ նրնց համար, ովքեր դեռ հավատում են վարչապետի՝ անկախ դատարանների մասին հայտարարություններին․

Ուշադրություն, ․․․«Առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը և հասկանանք քանի տոկոսն է գործերի, որ իրոք մենք համաձայն ենք, որ այդ մարդը պետք է գրավով կամ որևէ ձևով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է»։ Ամեն բան ասված է։ Վարչապետը որոշում է, որ դատարանի՝ խափանման միջոցի շուրջ կայացրած որոշման հետ համաձայն չէ, ու այդ հարցը պետք է քննվի՞։

Շեշտենք՝ գրավով ազատ արձակվածների մեծամասնությունը նրանք են, որոնց հենց Նիկոլ Փաշինյանը համարում էր քաղբանտարկյալ և խոստացել էր դուրս հանել բանտից, օրինակ «Սասնա ծռերը»։ Այսինքն, ստացվում է, որ խափանման այլընտրանքային միջոցը դատավորը պետք է կիրառի միայն Նիկոլ Փաշինյանի ցանկացած դեպքո՞ւմ, այլ դեպքերում էլ ուշադիր լինի վարչապետի կողմից ուղարկվող ազդակներին, հարցազրույցներին կամ ելույթներին, իր համար հետևություն անի, կայացնի նրա սրտով որոշում, այլապես կքննվի դեռ չպազված մարմնի կողմից։

Հենց այստեղից էլ, ի դեպ, բացատրվում է ԱԱԾ-ՀՔԾ պետերի հայտնի հրահանգները։ Եթե վարչապետը խառնվում է կալանավորման որոշումներին, ուրեմն ինչո՞ւ պետք է, ասենք, Սասուն Խաչատրյանը կամ Արթուր Վանեցյանը չխառնվեն։

Եթե մինչհեղափոխական շրջանում դատարանները, ըստ բազմաթիվ լուրերի, ունեին ընդհանուր սկզբունքներ գործերի քննման, պատժաչափերի սահմանման վերաբերյալ, որոնք համաձայնեցվում էին իշխանության ամենաբարձր օղակի հետ, որը կոչվում է հենց հրահանգ, ապա այժմ, ինչպես երևում է, հրահանգները լինում են բոլոր գործերի՞ վերաբերյալ՝ հատ առ հա՞տ։

Երբ վարչապետն ասում է, որ ոչ ոք չի պլստալու, հենց այդ չպլստալը սա է։ Քաղաքացին, մեղավորը, մեղադրյալը, «մեղադրյալ նշանակվածն» իրենց վրա զգալու են դատավորից շատ ավելի «կարևոր ուժի»՝ Բաղրամյան 26-ի անմիջական ազդեցությունը։ Իսկ չեն պլստալու մի պարզ պատճառով, որովհետև այդպես է որոշել վարչապետը, այլ ոչ՝ հիմքերի, ապացույցների առկայության կամ անկախ դատարանի արդար որոշման։ Իսկ մարդու իրավունքներ և այլ արժեքները որոնք իրավական պետության ողնաշարն են, կարևոր չեն։

Կարևորը վարչապետի պատկերացումն է անձնապես։

Սևակ Հակոբյան

yerevan.today