Արթուր Ազարյան. ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտի որակազրկումն այս պահին օպտիմալ լուծում չէ
Advertisement 1000 x 90

Արթուր Ազարյան. ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտի որակազրկումն այս պահին օպտիմալ լուծում չէ

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկինում՝ «Միկա») մարզադաշտի խոտածածկի՝ անբավարար վիճակում գտնվելու մասին:

Մարզադաշտում հանդիպումներ անցկացնող թիմերի գլխավոր մարզիչները նշում են, որ այսպիսի խոտածածկի վրա հնարավոր չէ խաղալ, իսկ լրագրողներն էլ փորձում են պարզել, թե որքանով է այսպիսի խոտածածկով մարզադաշտը համապատասխանում Հայաստանի Բարձրագույն Խմբի հանդիպումներ անցկացնելու համար սահմանված չափանիշներին:

ՀՖՖ պաշտոնական կայքն այս հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի հետ.

«2018/2019 թթ. մրցաշրջանից առաջ` 2018թ. հունիս-հուլիս ամիսներին, ինչպես ՀՀ առաջնության այլ մարզադաշտերը, այնպես էլ ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտը ենթարկվել է հավաստագրային համապատասխան ստուգման ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից: Ստուգման պահին ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտը, այդ թվում՝ խոտածածկը գտնվում էր բարվոք և պիտանի վիճակում և համապատասխանում էր ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգով սահմանված բոլոր չափանիշներին:

Ավելին, ստուգմանը նախորդել էին մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքները, որոնց գործուն օժանդակություն էին ցուցաբերել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետները: Միևնույն ժամանակ տրվել էին անհրաժեշտ խորհուրդներ խոտածածկի պահպանման և ճիշտ մշակման մեթոդների հետ կապված:

Ինչպես հայտնի է, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտը պատկանում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությանը, հետևաբար, մարզադաշտի պահպանման պատասխանատվությունը կրում է նախարարությունը: Այս մարզադաշտում տանտիրոջ կարգավիճակում հանդես եկող «Արցախ» ակումբը վարձակալում է մարզադաշտը ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունից:

Բնականաբար, ՀՖՖ-ն մտահոգված է խոտածածկի ներկայիս որակով, սակայն մարզադաշտի որակազրկումը, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում տարբեր լրատվամիջոցների կողմից, այս պահին խնդրի օպտիմալ լուծումը չէ: Բարձրագույն Խմբում առանց այդ էլ քիչ են այն ակումբները, որոնք տնային հանդիպումներն անցկացնում են սեփական մարզադաշտերում, և մենք ունենք

Բարձրագույն Խմբի առաջնությունը սպասարկող մարզադաշտերի քանակի լուրջ խնդիր: Որակազրկելով ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտը՝ մենք էլ ավելի կբարդացնենք իրավիճակը և «Արցախ» ակումբին կկանգնեցնենք լրացուցիչ խնդիրների առջև: Մեր կողմից կարող ենք առաջարկել, որպեսզի ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտում տնային հանդիպումներ անցկացնող «Արցախ» ակումբը և ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը համատեղ զբաղվեն մարզադաշտի խոտածածկի պահպանմամբ և բարեկարգմամբ»:

armsport.am