Երևանում կան ճանապարհներ, խաչմերուկներ, փողոցներ ու նրբանցքներ, որտեղ երթևեկությունը շատ դեպքերում վերածվում է «աջաբսանդալի», ինչը պատճառ է դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ ողբերգական։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Ճանապարհային Ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ հանդիպում տեղի ունեցավ Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների Արին բերդի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածում։
Մեծ թվով վարորդներ, ովքեր գրեթե ամեն օր նշված ճանապարհատվածով են երթևեկում, իրենց անհանգստությունն էին հայտնում Կ. Կոստանյանին, որ այդ հատվածը դարձել է մի իսկական պատուհաս, և ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում։ Հանդիպման ընթացքում Կ. Կոստանյանը վարորդներին տեղեկացրեց, որ խնդրին ծանոթ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ՃՈ պետ Ե.Կարապետյանը և առաջիկայում ամենասեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի և դրա ականատեսը կլինեն վարորդները։