Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին փուլը
Advertisement 1000 x 90

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին փուլը

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված 1-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 6-ին կմեկնարկի ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելել իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ:

Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին: Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ և ամրագրել այցի օրն ու ժամը: Ծրագրում ընդգրկված թանգարանների ցանկը հաստատվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից, այն հասանելի կլինի Dasaran.am կայքում:

Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ: Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի սկզբին: Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով աշակերտը հնարավորություն կունենա նախապես ամրագրել իր տեղն առցանց համակարգում, ինչը ևս ծրագիրը կազմակերպված և առանց տեխնիկական դժվարությունների իրականացնելու նպատակ է հետապնդում: Առաջիկայում կհրապարակենք տեղեկատվություն նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: