Լիբանանի հայկական Բուրջ Համուդում փոթորկի հետևանքով զոհված 27-ամյա Հարութ Հուսիկյանը վարսահարդար էր, «շրջապատում հարգված և սիրված մարդ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին լիբանանահայ երիտասարդի հարազատները։
Նրանց խոսքով՝ ուժեղ քամու ժամանակ, Հարութը բարձրացել է շենքի 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբ, որպեսզի ամրացնի և փակի վարագույրները, սակայն սայթաքել ու վայր է ընկել։
NEWS.am-ի հետ զրույցում զոհված երիտասարդի հայրը՝ Ռաֆայել Հուսիկյանը, հայտնեց, որ որդու երազանքն էր գալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում։
«Ես իր երազը պիտի իրականացնեմ, ես պիտի գամ, Աստծո հրամանով հայրենիքում ինչ-որ պետք է անեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 27-ամյա Հարութ Հուսիկյանը զոհվել է երեկ՝ հայկական Բուրջ Համուդ թաղամասում։