Գեղարքունիքի մարզում բաց և անցանելի են բոլոր ճանապարհները
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում բաց և անցանելի են բոլոր ճանապարհները

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 26-երեկոյան և լույս 27-ի գիշերը տեղումները ջերմային ռեժիմի անկման պայմաններում թափվել են ձյան տեսքով, ինչի հետևանքով, ինչպես նաև անբավարար տեսանելիության պայմաններում, գիշերային ժամերին դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթևեկության համար:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, ձյան տեղումների հետևանքով մարզում ճանապարհներ չեն փակվել, իսկ մշակման աշխատանքներ իրականացվել են մի շարք ուղղություններում: Առավոտվա ժամերին արդեն ձնածածկույթից կամ մերկասառույցից ազատվել են բոլոր ճանապարհները: «Ճանապարհների մշակման աշխատանքներ իրականացվել են Ճամբարակի և Վարդենյաց լեռնանցքներում, Սևանում, Նորատուսում:

Ձյան բարձրությունը Մարտունու, Գավառի, Ճամբարակի և Սևանի տարածքներում կազմել է 5, Վարդենիսում՝ մինչև 10 սանտիմետր: Դժվարանցանելի հատվածները մաքրվել և մշակվել են գիշերային ժամերի ընթացքում, իսկ հոկտեմբերի 27-ի առավոտվա ժամը 10-ի դրությամբ ձյան կամ մերկասառույցի շերտից ազատված են բոլոր ճանապարհները»,-ներկայացրեց Գևորգ Խաչատրյանը:



Նման նյութեր