«Ծանր օր է, բոլորիս համար ծանր հիշողություններով: Ես ուզում եմ, որ մեր երկիրը միասնական լինի ու մեր կյանքում նման բաներ էլ չկատարվեն»,- այսօր` հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թվականի ահաբեկչության զոհ դարձած Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը: Պետական գործչի կինը հպարտ է, որ ամուսնու գործերն ու խոսքերը որպես պատգամ են հնչում:
Անդրադառնալով հարցին, թե իր համար պարզ է, թե ով է եղել ոճրագործության պատվիրատուն Ռիմա Դեմիրճյանը արձագանքեց. «Պարզ է, պարզ է… Կարեն Սերոբիչի կատարած աշխատանքը միայն շինությունները չեն, ժամանակ է պետք, որ մարդիկ գնահատեն նրա արած աշխատանքը»:
Ռիմա Դեմիրճյանը չի բացառում, որ արտաքին ուժերին է խանգարել Կարեն Դեմիրճյանը: «Բարդ գործ է, Դուք չնայեք, որ կատարողները նստած են: Նրանք քիլլերներ են, նրանք բան չգիտեն»,- մանրամասնեց Ռիմա Դեմիրճյանը հավելելով, որ գործը պետք է վերաբացվի: