Մահացել է օպերատոր Գագիկ Համբարձումյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահացել է օպերատոր Գագիկ Համբարձումյանը

«R.I.P. ՄԵՐ ԳԱԳԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ծանր է ստանալ վատ լուրեր, մանավանդ գիշերը: Բայց Միացյալ Նահանգներում դեռ ցերեկ է և քիչ առաջ Լոս Անջելեսից մեր լավ ընկեր, օպերատոր Ռոբերտ Խաչատրյանը, մեր Ռուբոշը գրեց, որ մեր Գագոն գնաց ի լույս: Ականջներիս չհավատացի, նորից հարցրեցի, որ Գագոն, չցանկանալով լսել Համբարձումյան ազգանունը:

Գագիկ Համբարձումյան՝ հեռուստատեսային ճանաչված գործիչ, Հայկական հեռուստատեսության երախտավորներից մեկը, որը տասնամյակներ աշխատեց Նորքի բարձրունքում, լինելով լավագույն օպերատորներից մեկը: Նրա տեսախցիկը հեռուստադիտողին ներկայացրել է հեռուստաթատրոնի լավագույն ներկայացումները, ուր նա բեմադրող օպերատորն էր, բացի այդ հանդիսացել է մի շարք երաժշտական հաղորդումների, տարեմուտի տոնական ծրագրերի, օգոնյոկների բեմադրող օպերատորն ու հաճախ բեմադրող ռեժիսորը: Առանց Գագիկի չէր նկարահանվում ոչ մի տոնական համերգ: Որպես սպորտի մեծ սիրահար և գիտակ, միշտ աշխատել է բոլոր խոշոր սպորտային իրադարձությունների ժամանակ:

Իսկ 1992 թվականից Գագիկ Համբարձումյանը դարձավ մեր «3-րդ ալիքի» գեղարվեստական ղեկավարը: Նրա շնորհիվ ծրագրում փոխվեցին մոտեցումները, ծրագրի ոճը: Հիմնականում նրա տեսախցիկի շնորհիվ մեր հեռուստադիտողը հնարավորություն ունեցավ շրջել աշխարհի մի շարք երկներով, ծանոթանալ աշխարհահռչակ հայերի հետ: Ցավոք 90-ականների երկրորդ կեսին Գագիկը մեկնեց ԱՄՆ և էլ չվերադարձավ: Այնտեղ նա նույնպես մնաց հավատարիմ իր մասնագիտությանը, սակայն դաժան հիվանդությունը չթողեց նրան շարունակել իր սիրելի գործը:

Գագ ջան, մենք երբեք քեզ չենք մոռանա: Քո պրոֆեսիոնալիզմը, ընկերասիրությունը, քո մոտեցումները ցանկացած հարցին միշտ կմնան մեզ հետ: Ափսոս, որ 90-ականների վերջից այդպես էլ չհանդիպեցինք: Հավատացնում եմ, որ Հայաստանում քեզ շատ կարոտողներ ու սիրողներ կան:

Գնաս բարով, Գագ ջան, մեր Համբո ջան…

Ցավակցում եմ բոլորիս, բոլորին, ով ճանչել է նրան, աշխատել է և ընկերություն է արել նրա հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավար Կարեն Քոչարյանը:

«Նա կանգնած է եղել հայկական հեռուստատեսության ակունքներում: Այն ժամանակ բարձրագույն կրթությամբ օպերատորներ չկային: Բոլորն ինքնուս էին: Ամենաինտելիգենտներից էր, կարդացած մարդ: Մեծ կորուստ է, ափսոս»,- РУСАРМИНФО-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Ժաննա Մելքոնյանը: Տիկին Մելքոնյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին Գ. Համբարձումյանին էին վստահում լայնամասշտաբ նկարահանումները, իսկ նրա քույրն է «Россия 1» ալիքի «Вечер с Владимиром Соловьевым» գլխավոր խմբագիր Գայանե Համբարձումյանը:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը