Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Advertisement 1000 x 90

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց. «Արի՛ ինձ մոտ նստիր, մինչև քեզ համար խուղ գտնես և գնաս»: Եվ գալիս էին նրա մոտ ոմանք և պատվում էին որպես օտարականի, և բերում էին նրան` ով ինչ կարող էր, որպեսզի օգնած լինեն նրան, իսկ նա ընդունում էր նրանց օտարասիրությունը: Եվ ծերը սկսեց նախանձել նրան, չարախոսել նրա մասին և ասել. «Որքա՜ն ժամանակ է՝ ես այստեղ կրոնավոր եմ, և ոչ ոք ինձ մոտ չի գալիս, իսկ այս խաբեբան ընդամենը մի քանի օր է այստեղ, և այսքան բազմություն է գալիս սրա մոտ»:

Եվ իր աշակերտին ասաց. «Գնա՛, ասա՛ նրան, որ տանից գնա, որովհետև ինձ պետք է»: Եվ աշակերտը գնալով նրա մոտ` ասաց. «Իմ հայրն ինձ ուղարկեց և հարցնում է. «Ինչպե՞ս ես ապրում»: Նա ասաց. «Աղո՛թք արա ինձ համար, որովհետև ստամոքսիցս ծանրացել եմ»: Աշակերտը գնալով հոր մոտ` ասաց. «Նա ասաց, որ խուղ կգտնի ու կգնա»: Երկու օրից հետո դարձյալ ասաց աշակերտին. «Գնա՛, ասա՛ նրան, որ եթե չգնա, ես կգամ և գավազանով կհանեմ նրան»: Եվ աշակերտը դարձյալ գնալով ծերի մոտ` ասաց. «Իմ հայրը լսեց, որ հիվանդ ես, մեծապես խռովվեց ու տրտմեց և ինձ ուղարկեց տեսնելու քեզ»:

Ծերն ասաց. «Ասա՛ նրան՝ քո աղոթքների շնորհիվ թեթևացավ իմ ցավը»: Վերադարձավ աշակերտը և իր հորն ասաց. «Նա ասաց՝ մինչև կիրակի օրը թույլ տո՛ւր ինձ մնալ, ապա կգնամ, եթե Աստված կամենա»: Երբ եկավ կիրակին, և նա չգնաց, ծերը վերցրեց գավազանը, որպեսզի նրան ծեծի և դուրս հանի: Նրա աշակերտն ասաց նրան. «Ես առաջ անցնեմ և գնամ, գուցե մեկնումեկը լինի այնտեղ՝ նրա մոտ, և դու գայթակղեցնես նրան»:

Եվ առաջինը գալով ծերի մոտ` ասաց նրան. «Ահա իմ հայրը գալիս է քեզ աղաչելու, որպեսզի իր խուղը տանի քեզ»: Արդ, երբ նա լսեց ծերի սիրալիրության մասին, ելավ նրան ընդառաջ, հեռվից ընկավ նրա առաջ` ասելով. «Հոգնություն մի՛ քաշիր, տե՛ր իմ և հա՛յր իմ, ես կգամ դեպի քո սրբությունը, և թողություն շնորհի՛ր ինձ հանուն Քրիստոսի»:

Տեսավ Աստված երիտասարդի գործը, զղջում գցեց նրա հոր սիրտը, և նա, վայր գցելով իր գավազանը, ընթացավ՝ ողջունելու նրան, և հասնելով նրան` համբուրեց և տարավ իր տուն, որպես թե ոչինչ չէր լսել նրանից: Այնուհետև հարցրեց իր աշակերտին և ասաց. «Ոչինչ չասացի՞ր նրան, ինչ որ ասել էի քեզ»: Եվ նա ասաց` ո՛չ: Սաստիկ ուրախացավ ծերը և նրան ներս տանելով` հանգստացրեց: Եվ հասկացավ, որ նախանձը սատանայից էր, և ընկնելով իր աշակերտի առջև` ասաց. «Այսուհետև դու իմ հայրն ես, իսկ ես` քո աշակերտը, քանզի քո իմաստությամբ մեր երկուսի հոգիներն էլ ապրեցրիր»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am