«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր ու սեփականատեր Արամ Աբրահամյանը դասական անձ է Հայաստանի մեդիա դաշտում: Տարբեր բարդ, խճճված և ուրախ տարիների ընթացքում նա կարողացել է գտնել այն հարթակները, որտեղ կարելի է ինքնադրսևորվել:
Հիմա նա «Առավոտ» -ում իր հեղինակային սյունակից բացի նաև «Շանթ» հեռուստաընկերությունում հարցազրույցներ է վարում:
Արամ Աբրահամյանը շատ բան է տեսել ու շատ բան գիտի: Եվ ասում է. «Ինձանից սենսացիա մի սպասեք: Յուրաքանչյուր լրատվամիջոց անում է իր գործն այնպես, ինչպես պատկերացնում է»:
Կա կարծիք, որ հիմա լրատվամիջոցները դժվար օրեր են ապրում, չեն գործում նախկին խաղի կանոնները, իսկ նոր խաղի կանոնները և դրանցից բխող դիրքավորումն ու ֆինանսավորումը մշուշոտ են:
Չէի ասի, որ հիմա ավելի դժվար է, քան նախկինում: Իսկ եթե հարցը խաղի կանոններն են, ապա ես կարող եմ խոսել միայն այն լրատվամիջոցի մասին, որտեղ սեփականատեր ու գլխավոր խմբագիր եմ:
Հիմնականում, ինչպես աշխատում էինք, այնպես էլ աշխատում ենք: Ընդհակառակը, կարծում եմ, որ իշխանությունների կամ իշխանամերձ մարդկանց կողմից զանգերը, դժգոհությունները, սպառնալիքները, որոնք միշտ եղել են «Առավոտի» գոյության 24 տարիների ընթացքում, սկսած 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից, ընդհանրապես բացակայում են:
Մարտ ամսին եղե՞լ են:
Եթե ուզում եք հարցնել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էին ճնշումները շատ, ապա Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի քիչ էին:
Բայց որքան հասկանում եմ, հիմա լրագրողներն ու գլխավոր խմբագիրները երբեմն դժգոհում են հասարակական որոշակի ճնշումից, հասարակական տրամադրություններից, որոնք ի հայտ եկան հետհեղափոխական շրջանում:
Հասկանալի է, որ մարդիկ անկեղծ սիրով և հավատով են լցված նոր իշխանությունների հանդեպ և ցանկացած քննադատություն ու կիսաքննադատություն (օրինակ, որևէ ՀՀԿ-ականի հետ հարցազրույց) ընկալում են ոչ ադեկվատ, ատելության խոսքով:
Բայց դա նորմալ է, մենք միևնույն է կշարունակենք հրապարակել քննադատություն:
Խաղի կանոններն ինձ համար չեն փոխվել: Եթե ազատ շնչում ես ու ականջի տակ ինչ-որ մեկը բզբզում է, շարունակում ես ազատ լինել: Ոչ ոք չի բզբզում՝ նորից շարունակում ես ազատ շնչել:
Իսկ որքանո՞վ եք կարևորում ազատության համար լրատվամիջոցի ֆինանսական անկախությունը:
Դա միշտ եղել է կարևոր ու այդպես էլ կլինի: Բայց փող տվողից կախվածությունն ու ներքին ազատությունը այդքան էլ կապված չեն ուղիղ պատճառահետևանքային կապով:
Ներքին ազատությունը օգնում է հրաժարվել, եթե պահանջողի հետ համաձայն չես:
Եթե տպագիր թերթը դադարի լույս տեսնել, ու մնա միայն օնլայն «Առավոտը», կարո՞ղ եք ասել, որ դա կլինի հենց այն հարթակը, որի մասին երազում էիք այս 24 տարիների ընթացքում:
Իհարկե, հիմա բոլոր թերթերն են նահանջում, բայց կարծում եմ, որ թերթը պետք է պահել՝ որքան կարելի է երկար: Թղթի վրա կարդալու (գիրք, ամսագիր, թերթ) մշակույթը բոլոր դեպքերում տարբերվում է մոնիտորի վրա կարդալու մշակույթից:
«Առավոտի» կայքն ունի օրական հարյուր հազարին հասնող դիտումներ և ամենաընթերցվող կայքերի տասնյակում է: Այո, մեր կայքը ինձ թվում է հետաքրքիր:
Ունենք մեր վարքականոնը, որը հարգում ենք և որին հետևում ենք: Կարող ենք երբեմն սխալվել, պատահում են թյուրիմացություններ, բայց դրանք միտումնավոր չեն արվում:
Ամբողջությամբ՝ media.am