
Առողջապահության նախարարության ու նախարար Արսեն Թորոսյանի շուրջ զարգացող իրադարձությունները չեն դադարում: Ճիշտ, չհաստատված ու հրահրված տեղեկությունները հաջորդում են մեկը մյուսին:
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո Արսեն Թորոսյանն ազատվելու է առողջապահության նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվելու է նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Այսօր, երբ զանգահարեցինք Հարություն Քուշկյանին՝ հետաքրքրվելու, թե արդյոք իր հետ նման քննարկում եղել է և ստացել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ, Քուշկյանը զանգին չպատասխանեց:
Արդեն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Լիանա Եղիազարյանն ազատվելու է աշխատանքից: «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Լիանա Եղիազարյանը՝ առանց պատճառների մասին որևէ բան նշելու: