Զինված ուժերը, անկասկած, մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նրա խոսքով` արդեն հաստատված է, որ նախորդ տարիներին մարտի մեկի իրադարձությունների իրեղեն ապացույցները կեղծվել են։ Մասնավորապես` բախումների վայրից հազարավոր փամփուշտների պարկուճներ են հավաքել։ Դրանք արձակվել են բանակային զենքից, բայց փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։
«Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն հազար պարկուճ փոխվել է: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան»,- ասաց Խաչատրյանը:
Նա ավելացրեց, որ կան ցուցմունքներ, որ բանակի զենքերից են կրակել: