Էքստրեմալ պայմաններում ապրող մանրէները բնական կատալիզատորներ են արտադրում։ Դրանցով կարելի է ոչ միայն վերամշակել պլաստիկը, այլև օգտակար նյութեր ստանալ։
«Սա ի՞նչ է», «Շիլա», «Ի՞նչ շիլա», «Պլաստիկե»… «Կին-ձա-ձա» ֆիլմից քիչ բան կա, որ կուզենայինք առօրյա կյանքում տեսնել (թեև շատ բաներ, կարծես, տեսնում ենք)։ Բայց Պլյուկ մոլորակի երևույթներից մեկը մեզ շատ պետք կգա։ Խոսքը «պլաստիկե շիլայի» մասին է, որն ուտում են մանրէները։ Իսկ այդ «շիլան» գնալով շատանում է երկրի վրա և օվկիանոսի մեջ։
«Պլաստիկ ուտող մանրէներն արդեն նորություն չեն։ Նորությունն այն է, թե մանրէներն ինչ նյութեր կարող են ստեղծել դրանից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը։
Եվ ի՞նչ նյութեր կարող են առաջանալ։ Այս ուղղությամբ աշխատում է Անդրանիկյանը, որը գլխավորում է Համբուրգի տեխնիկական համալսարանի միկրոկենսաբանության ֆակուլտետը (ինստիտուտը)։
Պլաստիկը (և ոչ միայն) կարողանում են վերամշակել էքստրեմոֆիլ մանրէները, որոնք ապրում են էքստրեմալ պայմաններում, օրինակ` էքստրեմալ թթվայնության, հսկայական ճնշման տակ (ասենք` օվկիանոսում 5 000 մետր խորության վրա ու ավելի ցածր), նաև +60 ու ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են ֆերմենտներ, որոնք կարող են հիանալի կենսակատալիզատոր դառնալ արդյունաբերության համար։ Միայն թե պետք է հասկանալ` ինչպես «կթել» մանրէներին, ընդ որում` պետք եղած քանակությամբ։
Դրա համար մանրէների գենոմից առանձնացնում են այն գեները, որոնք պետք եղած ֆերմենտի արտադրության «պատասխանատուներն» են։ Սկսում են մոդիֆիկացնել դրանք, որպեսզի իրենց ավելի ակտիվ դրսևորեն:
Հաջորդ խնդիրն է մանրէներին ընտելացնել հասարակության համար կարևոր աշխատանքին, այսինքն` ստանալ այն ֆերմենտները, որոնք պետք են արդյունաբերությանը։ Իսկ դրանք արդյունաբերությանն իսկապես շատ են պետք։
«Օրինակ` կենսավառելիք արտադրող սարքերում, որտեղ մանրէները օրգանիկ թափոններ են ֆերմենտացնում։ Բայց ոչ միայն։ Դրանք պետք կլինեն նաև նոր պոլիմերների, դեղորայքի, կոմպոզիտ միավորումների համար»,- ասում է պրոֆեսորը։
Համբուրգի համալսարանն արդյունաբերության հետ համագործակցության հարցում առաջատարներից է։ Լավ է, որ Գերմանիայի գիտական մշակումների համար պատվերները շատ են։ Basf, Evonik, Henkel և այլ հիմնադրամներ տարեկան տասնյակ միլիոն եվրոներ են տրամադրում հետազոտական աշխատանքների համար։
«Հենց հիմա աշխատում ենք լաբորատոր պայմաններում պլաստիկի վերամշակման վրա։ Մենք ցույց տվեցինք, որ պլաստիկը լավ է քայքայվում։ Հիմա այդ կենսաբանական ռեակցիան պետք է վերածել տեխնիկական շրջանի։ Ու այստեղ արդեն ներգրավում ենք ինժեներներին»,- ասաց Անդրանիկյանը։
Նա Երևան է ժամանել Fast հիմնադրամի հրավերով, որը հիմնել են խոշոր սփյուռքահայ գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը։ Ամեն տարի հիմնադրամը Երևանում տասնյակ գիտնականների մասնակցությամբ գիտաժողով է կազմակերպում։ Մասնակցում են գիտնականներ Հայաստանից ու սփյուռքից, հայեր ու ոչ հայեր (որպեսզի հերթական անգամ ցույց տան` գիտությունը նման տարբերություն չի դնում)։
Զեկույցների հաջորդ օրը պրոֆեսորը Երևանից Ջերմուկ է մեկնելու։ Հանգստանալու՞։ Ոչ այնքան։ Նա հայ գործընկերների հետ մանրէների նմուշներ է վերցնելու աղբուրներից։ Այդ մանրէներն էլ կարող են անսովոր հատկություններ ունենալ, քանի որ դրանք գոյատևում են բարձր ջերմաստիճանների (55-65 աստիճան) ու ջրի բարձր հանքացման պայմաններում։ Պրոֆեսորը «տաք բնավորությամբ» նման մանրէների մի ամբողջ հավաքածու ունի` Կոստա Ռիկայի տաք աղբյուրներից, Պորտուգալիայից, նաև իր հայրենի երկրից`Հորդանանից։
«Դեռ նույնիսկ չենք կարող կանխատեսել` ինչ նոր նյութեր կարող ենք ստացվել, օրինակ, պլաստիկի վերամշակումից։ Բայց մեր խնդիրն այն է, որ ստացված նյութը կենսաբանորեն քայքայվող լինի, այսինքն ` չաղտոտի բնությունը», – ընդգծում է գիտնականը։
Նա Հայաստանի հետ վաղուց է համագործակցում։ Այստեղ տերմոֆիլ մանրէների լավ հավաքածու կա, որը հավաքել է հայտնի (այժմ` հանգուցյալ) պրոֆեսոր Աֆրիկյանը։ Վերջերս Գերմանիայում ատենախոսություն են պաշտպանել մի քանի միկրոկենսաբան Հայաստանից։
Այս տարի գերմանական BMBF հետազոտական հիմնադրամի աջակցությամբ Գերմանիա են գնալու հայաստանցի երեք գիտաշխատող։ Պրոֆեսորը վստահ է, որ միկրոկենսաբանության համար մակրոջանքեր են հարկավոր։ Հենց այդ պատճառով էլ նա վերջերս դիմել է ակադեմիկական փոխանակման գերմանական կազմակերպությանը (DAAD)` Հայաստանի հետ երկու տարվա նախագիծ իրականացնելու նպատակով։