Սթիվեն Հոքինգը կարող է հայտնվել 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա. BBC
Advertisement 1000 x 90

Սթիվեն Հոքինգը կարող է հայտնվել 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա. BBC

Մեծ Բրիտանիայի նշանավոր գիտնականներից մեկի պատկերը կզարդարի 50 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 66 դոլար) անվանական արժեքով նոր թղթադրամը, որը պետք է փոխարինելու գա ներկայիս թղթադրամին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է մտել 1981 թվականին: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտնել է հեռուստահաղորդումների BBC կորպորացիան:

«Մեր թղթադրամները հնարավորություն են ընձեռում ցույց տալ Միացյալ Թագավորության հասարակության բազմազանությունը և նշել նրա ականավոր քաղաքացիների ավանդը»,- BBC-ն մեջբերում է Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քառնիի խոսքը: Նշվում է, որ անվանակարգորդների թվում կարող է լինել ցանկացած մարդ, որն զբաղվել է գիտությամբ, այդ թվում՝ աստղագիտության, կենսաբանության, քիմիայի, ինժեներիայի, մաթեմատիկայի, բժշկության և ֆիզիկայի բնագավառում:

Հնարավոր թեկնածուների թվում է բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը (1942-2018 թթ.): Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառները եղել են տիեզերագիտությունը և քվանտային ձգողականությունը, նա շատ ժամանակ է հատկացրել սև անցքերի ուսումնասիրությանը: BBC-ն ևս մեկհավակնորդ է համարում բրիտանացի մաթեմատիկոս և գաղտնագրող Ալան Թյուրինգին (1912-1954 թթ.), մարդ, որին հաջողվեց բացահայտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Էնիգմա» ծածկագրող մեքենայի կոդը:

Անգլիայի Բանկը պետք է մշակի և հաստատի նոր թղթադրամի դիզայնը, որի շրջանառության մեջ մտնելու ամսաթիվը մնում է անհայտ:

Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկն ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, շրջանառության մեջ է դրել սինթետիկ պոլիմերներից պատրաստված 10 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով դրամը՝ անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի (1775-1817 թթ.) պատկերով, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամը՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) դիմանկարով: