100 մլն դոլար. դանիացին նախագծել է արևային մարտկոցներով գործող էկո զբոսանավ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

100 մլն դոլար. դանիացին նախագծել է արևային մարտկոցներով գործող էկո զբոսանավ

Դանիացի դիզայներ Դենիս Ինգեմանսոնը Ned Ship Group նավաշինական ընկերության հետ համագործակցության շրջանակում նախագծել է աննախադեպ էկո սուպերզբոսանավ՝ համալրված քամու տուրբիններով, արևային մարտկոցներով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զբոսանավը կկարողանա մինչև երկու ամիս անցկացնել ծովում՝ առանց նավահանգիստ վերադառնալու անհրաժեշտության:

Հատկանշական է, որ Green Expedition կոչվող զբոսանավով հնարավոր կլինի տևական ժամանակ անցկացնել ոչ միայն արևադարձային տաք ջրերում, այլև ամենացուրտ ու խիստ պայմաններում՝ Անտարկտիկայում:

Զբոսանավի արժեքը գնահատվել է 100 մլն դոլար:

Դրա ընդհանուր մակերեսից 200 քմ տարածքը պատված կլինի էներգիա կուտակող արևային մարտկոցներով:

Մինչդեռ արևի բացակայության դեպքում գործի կդրվեն զբոսանավի հիբրիդային շարժիչը, քամու տուրբինները, ինչպես նաև վերևում ծածանվող առագաստը, որոնք զբոսանավն առաջ կտանեն:

Էկո զբոսանավի երկարությունը 65 մ կլինի: Այն կկշռի 1.400 տոննա ու նախատեսված կլինի 32 հոգու համար:

Բացի այդ, զբոսանավը համալրված կլինի ուղղաթիռի վերելքի և վայրէջքի հարթակով, փոքր սուզանավերով՝ մինչև 300 մ խորության վրա իջնելու հնարավորությամբ:

37-ամյա դիզայների խոսքով՝ զբոսանավը կկարողանա տեղաշարժվել ցանկացած ջրային տարածքում՝ նվազագույն վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

«Տարիներ շարունակ երազում էի ստեղծել այնպիսի էկո զբոսանավ, որը կկարողանար շատ հեռու գնալ, օրինակ՝ Անտարկտիկա ու միևնույն ժամանակ վնաս չպատճառեր բնությանը: Մինչ այժմ այսպիսի իրական էկո հատկանիշներով զբոսանավ չի կառուցվել»,- նշել է դիզայները:

tert.am



Նման նյութեր