Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությունից
Advertisement 1000 x 90

Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությունից

Կովկասյան տարածաշրջանից հանցագործները Գերմանիայում հզոր ցանց են ստեղծել, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Der Spiegel-ի հոդվածին, որը հրապարակվել է նոյեմբերի 2-ին:

Երեք տարվա ընթացքում քննիչները գաղտնի գործողությունների շրջանակներում փորձել են ձերբակալել և կալանավորել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն առանց լուրջ հաջողությունների: Fight against thieves in law («Օրենքով գողերի դեմ պայքար») անվանումով խիստ գաղտնի հատուկ գործողությունն ացնկացրել է Քրեական ոստիկանության (BKA) դաշնային ծառայությունը գերատեսչության 6 վարչությունների (BKA)  հետ համատեղ:

Հրատարակությունն ընդգծում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությունների դեմ ամենամեծ հետաքննություններից մեկը:

«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում, որոնք գտնվում են Der Spiegel-ի և MDR հեռուստաալիքի տրամադրության տակ, նկարագրված են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորությունից բարձրաստիճան հեղինակություններ:

Հրապարակման մեջ նշվում է, որ դրանք նաև վերահսկում են Գերմանիայում հայկական մաֆիայի կառույցները: Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND Դաշնային հետախուզության ծառայության և Եվրոպոլի աշխատակիցները:

«Հաշվարկի կետը» դարձել է երկու հանցավոր կլանների միջև փոխհրաձգությունը, որը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսին Էրֆուրթում: Այդ ժամանակ ֆինանսական խարդախությունների կասկածանքով 42 անձանց նկատմամբ հարուցվել էր 14 քրեական գործ:

BKA-ի մասնագետների խոսքով, որոնց վկայակոչում է Der Spiegel-ը, Գերմանիայում հայկական մաֆիան իսկապես գոյություն ունի:

Ռուս-եվրասիական քրեական շրջանակներից մյուս խմբերի հետ միասին այն ունի «էական ֆինանսական» ռեսուրսներ և կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Ընդ որում, ապացույցների բացակայության պատճառով հետաքննության արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների և քրեական գործերի:

Բացի այդ, հանցագործության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի և MDR-ի տվյալներով, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել  հայկական մաֆիայի դեմ պայքարում:

BKA-ն սակայն առաջարկել է չհամաձայնել այդ համագործակցությանը, նշելով, որ քննիչները չեն բացառում օրենքով գողերի և Հայաստանի պետական կառուցների ներկայացուցիչների հետ կապը:

Չորս ամիս առաջ՝ հունիսի 26-ին, Իսպանիայի ԶԼՄ-ները նույնպես հաղորդեցին լայնամասշտաբ հատուկ գործողության մասին, որի նպատակն էր կանխել «Եվրոպայի խոշորագույն կազմակերպված հանցագործ խմբերի» ապօրինի գործունեությունը:

Արդյունքում ոստիկանների մասնակցությամբ ավելի քան 70 օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնք միաժամանակ անցկացվել են թագավորության 6 շրջաններում, զենքի և թմրանյութերի առևտրի, ծխախոտների մաքսանենգրության, փողերի լվացման և ընդհատակյա տոտալիզատորների ստեղծման կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 140 անձ:

news.am