Բաբկեն Թունյանի հրապարակումը.
«Շարունակենք բուքմեքերների թեման
Արդյո՞ք միայն ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է ՀՀ-ում խաղադրույքների կտրուկ աճի պատճառը։
Դա հասկանալու համար մի թեթև մշակել ենք վիճակագրության տվյալները և ներկայացրել դրանք՝ ըստ եռամսյակների։
2018 թ. երրորդ եռամսյակում, իրոք, շահումով խաղերի ոլորտի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվել։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 108.4 մլրդ դրամ՝ 2017թ. 3-րդ եռամսյակի 77.7 մլրդ դրամի դիմաց։ Այդ թվում, բուքմեյքերների շրջանառությունն աճել է մոտ 50%-ով՝ 60.5 մլրդ դրամից հասնելով 88.9 մլրդ դրամի։ Ինչ խոսք, երրորդ եռամսյակի աճի մեջ մեծ դեր ունի աշխարհի առաջնությունը։
Երկրորդ եռամսյակը՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, նույնպես կտրուկ աճ կա, որի մեջ նույնպես ֆուտբոլի ԱԱ-ը մեծ դեր ունի։
Սակայն տվյալներից երևում է, որ բուքմեյքերների շրջանառության աճի միտումը նոր չէ ու միայն ֆուտբոլով չի պայմանավորված։
Օրինակ, 2018 թ. առաջին եռամսյակում, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնություն չկար, բուքմեյքերների շրջանառությունը կազմել է 53.8 մլրդ դրամ՝ 2017 թ. առաջին եռամսյակի 42.9 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 25%)։
Ավելին, բուքմեյքերների աճի միտումը նկատելի է դարձել դեռ 2017-ից։ 2017թ.՝ 2016թ. համեմատ, բուքմեյքերների շրջանառությունն աճել է 35%-ով և կազմել 208.9 մլրդ դրամ։
Այնպես որ, մոլախաղերի շուկան Հայաստանում աճում է՝ աշխարհի ընդհանուր տենդենցներին համահունչ։
Սակայն այստեղ կա մի շատ կարևոր պահ։ Շատերին թվում է, թե այդ 213.8 մլրդ դրամի խաղադրույքներն ամբողջությամբ կատարվել են հայաստանցիների կողմից։ Սակայն դա այդպես չէ, քանի որ մեծ թվով օտարերկրացիներ խաղադրույքներ են կատարում ՀՀ բուքմեյքերական ընկերության կայքերում՝ ինտերնետի միջոցով։ Տեղի ու դրսի խաղադրույքների հարաբերակցությունը հայտնի չէ։ Սակայն, եթե պարզվի, որ այս թվի մեծ մասը պայմանավորված է արտերկրից կատարվող խաղադրույքներով, ապա դա վատ չէ։
Դա, մեծ հաշվով, նշանակում է՝ ծառայությունների արտահանում։ Դրսից եկած փողերի հաշվին բուքմեյքերական ընկերությունները կարողանում են շահույթ գեներացնել, ստեղծել ՏՏ ոլորտի հարակից ընկերություններ և աշխատատեղեր ապահովել։ Այսինքն, այս ոլորտի կարգավորումների առումով կտրուկ քայլերից առաջ՝ նախ պետք է հասկանալ շուկայի բոլոր մանրուքները ու ըստ այդմ որոշում ընդունել։ Միգուցե տեղական շուկայի մասով սահմանափակող քայլեր պետք են (օրինակ, գովազդի արգելման միջոցով), սակայն դրսից ստացվող եկամուտների գծով միգուցե հակառակը՝ պետք է որոշ արտոնություններ սահմանել և թույլ տալ, որ տեղական բուքմեյքերներն ամրապնդեն դիրքերը միջազգային շուկայում»։