Ֆրանսիայում Բոդլերի նամակն աճուրդով վաճառել են ավելի քան 230 հազար եվրոյով
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում Բոդլերի նամակն աճուրդով վաճառել են ավելի քան 230 հազար եվրոյով

Նամակը, որը բանաստեղծ Շառլ Բոդլերը (1821-1867 թթ.) գրել էր ինքնասպանության փորձից առաջ, նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով: Աճուրդը, ինչպես հայտնել է Le Parisien թերթը, Ֆոնտենբլո քաղաքում (Փարիզից հարավ) անցկացրել է Osenat աճուրդների տունը:

Ուղերձը բանաստեղծի կողմից գրվել էր 1845 թվականի հունիսին 24 տարեկան հասակում և հասցեագրված էր նրա սիրուհուն՝ Հայիթիից դերասանուհի և պարուհի Ժաննա Դյուվալին: «Երբ օրիորդ Ժաննա Դեմերն այս նամակը փոխանցի ձեզ, ես արդեն մեռած կլինեմ: Ես ինձ սպանում եմ, որովհետև չեմ կարող այլևս ապրել, որովհետև հոգնածությունը, որով ես քնում ու արթնանում եմ, ինձ համար անտանելի է»,- գրել է Բոդլերը:

Սակայն ինքնասպանության փորձը բանաստեղծին չի հաջողվել. դանակով հարվածը, որը նա հասցրել էր իր կրծքին, պարզվել է, որ վտանգավոր է: Բոդլերը դրանից հետո ապրել է ևս 22 տարի:

Սպասվում էր, որ նամակը կվաճառվի 60-80 հազար եվրոյով: Սակայն աճուրդը տևել է յոթ րոպե, որի ընթացքում մասնակիցները բարձրացրել են դրույքները: Բանաստեղծի ուղերձը ձեռք է բերել ֆրանսիացի մի հավաքորդ, որը ցանկացել է անհայտ մնալ: