Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնում փրկարարները շենքի փլվածքների տակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Նոյեմբերի 7-ին այս մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով քաղաքի դատախազ Քսավիե Տարաբյոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլվածքների տակից հանել են երկու տղամարդու և երկու կնոջ մարմիններ: Նոյեմբերի 6-ի առավոտյան Տարաբյոն հայտարարել էր, որ բեկորների տակ կարող է գտնվել ևս հինգից մինչև ութ մարդ: Նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի է ունեցել վթարային վիճակում գտնվող երկու շենքերի փլուզում: Դրանցից մեկում, նախնական տեղեկատվությամբ՝ արտակարգ պատահարի պահին կարող էր գտնվել 12 մարդ:
Մյուս շենքի բնակիչներն ավելի վաղ տարաբնակեցվել են, սակայն փրկարարները չեն բացառում, որ փլվելու պահին այնտեղ կարող էին անօթևաններ լինել:
Առնվազն ինը բնակիչ անհայտ կորած է համարվում: