
Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։
operativ.am-ի փոխանցմամբ՝ Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Բանդուրյանը 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։ Հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր։