Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Advertisement 1000 x 90

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աբբա Հովհաննեսը Մարկիանոսի կողմից աքսորվելով՝ ասաց. «Գնացինք մի անգամ Սիրիա` աբբա Պիմենի մոտ, և կամեցանք հարցնել խստասրտության մասին: Ծերը հունարեն չգիտեր, և թարգմանիչ չգտանք:

Եվ երբ ծերը տեսավ մեզ տրտմած, սկսեց բարբառել հունարեն խոսքերով այսպես. «Իր բնույթով ջուրը կակուղ է, սակայն կաթելով` կարծրագույն քարեր և ժայռեր է ծակում: Այսպես և մեր սրտերը խստացան ախտերից, սակայն աստվածային խոսքի հաճախակի կաթելուց փափկում են և ընդարձակվում և սուրբ խոսքեր լսելով՝ սկսում են երկնչել Աստծուց:

Ինչպես եղջերուն է փափագում աղբյուրների ջրերին, այնպես մեր հոգիներն են  փափագում Աստծուն (Սաղմ. ԽԱ 2), քանզի ինչպես անապատում սողուններից խայթված եղջերուները այրվելով նետվում են դեպի աղբյուրները, ըմպում են և զովանում, նույնպես և մենք` մենակյացներս, որ նստած ենք անապատում, խոցոտվում ենք չար դևերի որդերից և փափագում ենք ամեն շաբաթվա կիրակի օրը գնալ եկեղեցի` այսինքն գնալ աղբյուրի մոտ, որտեղ և ըմպելով Տիրոջ մարմնից ու արյունից` սրբվում ենք չարի թույներից և զմայլվելով զովանում ենք»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am