
Էլեկտրամոբիլների Tesla ամերիկյան արտադրողը հայտարարել է, որ տնօրենների խորհրդի նոր նախագահ է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենեմը, որը կփոխարինի Արժեթղթերի և սակարանների հանձնաժողովի (SEC) հետ համաձայնությամբ պաշտոնը թողած ընկերության հիմնադիր Իլոն Մասքին:
Դենեմը պաշտոնը կստանձնի անհապաղ և վեց ամսվա ընթացքում կթողնի Telstra ավստրալական հեռահաղորդակցական ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը: Այդ մասին ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ: Նախքան Telstra տեղափոխվելը Դենեմն աշխատել է հեռահաղորդակցական սարքավորումների Juniper արտադրողի օպերացիոն տնօրեն և գործադիր փոխնախագահ, իսկ դրանից առաջ 11 տարի Sun Microsystems-ում աշխատել է որպես միկրոչիպերի թողարկիչ: Tesla-ի տնօրենների խորհրդում ավստրալուհին աշխատում է 2014 թվականի օգոստոսից:
Մասքն իր կողմից ստեղծված ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողել է SEC-ի հետ համաձայնությամբ: Հանձնաժողովը համաձայնել է նրա վրայից հանել ընկերության բաժնետոմսերը գնելու մտադրության մասին Twitter-ում իր հաղորդագրություններով ներդրողներին մոլորության մեջ գցելու մեղադրանքները՝ պայմանով, որ նա կհեռանա այդ պաշտոնից և 20 մլն դոլար տուգանք կվճարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: