Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Մշակույթի նախարարության աշխատանքի վերաբերյալ: Նրա խոսքով՝ իր դժգոհությունը խիստ սուբյեկտիվ է, քանի որ նախորդ իշխանության օրոք 20 տարվա պայքարից հետո ի վերջո Մնջախաղի թատրոնին շենք ու գումար էր հատկացվել, սակայն հեղափոխությունից հետո նոր իշխանությունը հրաժարվել է նախկին Գրապալատի շենքը հատկացնել Երևանի մնջախաղի պետական թատրոնին:
«Հիմա ես ոչ թե կարծիք եմ հայտնում Մշակույթի նախարարության և մշակույթի նախարարի վերջին վեց ամիսների աշխատանքի վերաբերյալ, այլ փաստն եմ արձանագրում, որ այս տարվա ապրիլ ամսին պետք է սկսվեր մեր թատրոնին հատկացված տարածքի շինարարության մրցույթը, սակայն հայտնի քաղաքական իրադարձության պատճառով մրցույթը կանգ առավ, իսկ արդեն նոր իշխանությունը որոշեց, որ դա առհասարակ չի արվելու, իսկ թե ինչու՝ ինքս պատճառները չգիտեմ: Երբ փորձեցի հետաքրքրվել, ինձ ասացին, որ նախկին Գրապալատի շենքը հուշարձան է համարվում, բայց վստահեցնում եմ՝ այն Երևանի հուշարձանների ցուցակում չկա, հետո ասացին, որ նպատակահարմար չէ գումար հատկացնելը, այսինքն՝ ստացվեց, որ 20 տարվա մեր պայքարը դարձյալ ապարդյուն էր՝ մնջախաղի թատրոնը կրկին մնում է առանց սեփական շենքի»,- նշեց նա ու շարունակեց.
«Արդեն 20 տարի ղեկավարում եմ այս թատրոնը, և ամեն տարի, ամեն օր պայքարելով ու բազմաթիվ ակցիաներ անելով՝ ես վերջապես կարծես թե հասել էի մեր նպատակին, բայց նոր իշխանության օրոք ամեն ինչ պարզապես հօդս ցնդեց, իսկ դրան նորմալ վերաբերվել ես չեմ կարող: Ապրիլ-մայիս ամսին, երբ մարդիկ դուրս էին եկել փողոց, նրանք փորձեցին իրենց դժգոհությունը արտահայտել, նրանք հաստատ չէին ցանկանում այսօրվա իրականությունը տեսնել: Մարդիկ ուզում էին, որ հրաժարվեր նախկին իշխանությունը, բայց դա չէր ենթադրում, որ այսպես պետք է լիներ»:
Ժ.Դադասյանի խոսքով՝ նախկին իշխանության կատարած լավ գործերը պետք է ստվերի տակ չառնել.
«Նախկին իշխանությունը պատրաստ էր բյուջեից հատկացնել 260 մլն. դրամ, որպեսզի կառուցվեր Մնջախաղի թատրոնի շենքը: Եթե այն «տականք», «կոռումպացված» նախկին իշխանությունը, որ միայն «թալանում էր», պատրաստ էր տակը մնացած գումարով մեզ համար թատրոն կառուցեր, ապա կարելի էր մտածել, որ մեր այսօրվա «արդար», «ազնիվ» իշխանության կողմից մեր շենքին հատկացվող գումարը եռապտիկ կավելանար, բայց ոչ՝ նրանք ընդհանրապես նպատակահարմար չեն գտնում շենք տրամադրել: Ասեմ, որ նախկին «կոռոմպացված» իշխանության ժամանակ կառուցվեց Մատենադարանի նոր շենքը, կառուցվեց Կոմիտասի անվան թանգարանը, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և մի շարք այլ կարևոր ու արժեքավոր կառույցներ, և հիմա ժողովրդի արձագանքը ես շատ վատ եմ ընկալում. նրանք մոռացել են այն ամենը, ինչ արվել է, բայց չի կարելի գլուխներն ավազի մեջ մտցնել ու ոչինչ չտեսնել»,- հավելեց նա:
Ըստ Ժ. Դադասյանի՝ Մշակույթի նախարարությունում մշակութային գործիչներին չեն ճանաչում ու արժանվույն չեն գնահատում:
«Երբ ամռանը հանդիպեցի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և երիտասարդ փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ, վերջինս իրեն շատ լկտի պահեց խոսակցության մեջ: Երբ նրան մատնանշեցի Մնջախաղի թատրոնի հաղթանակները միջազգային մի շարք մրցույթներում, որով մենք հանրահռչակում ենք մեր մշակույթը՝ առանց մի դրամ նախարարությունից գումար վերցնելու, Տիգրան Գալստյանն ինձ ասաց՝ «Այդքան բարձր կարծիքի՞ եք ձեր ու ձեր թատրոնի մասին»: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ պահին իմ վիճակը: Իսկ Լիլիթ Մակունցը փորձում էր ինձ հանգստացներ՝ ասելով, որ նրանք հավասար պայմաններ են ուզում ստեղծեն, դե ես էլ հենց հավասարություն եմ ուզում՝ Երևանում բոլոր թատրոնները շենք ունեն, միայն մենք չունենք, թող ստեղծվեն հավասար պայմաններ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Ժիրայր Դադասյանը նոր կառավարության ձևավորվելուց հետո ո՞ւմ է տեսնում Մշակույթի նախարարի պաշտոնում, պատասխանեց.
«Պետք է լինի մշակութային քաղաքականության կոնցեպտ, եթե չկա առանցք, թե ինչ ենք մենք ուզում տեսնել ասենք տասը տարի անց, ապա ոչինչ անել հնարավոր չէ: Պետք է լինի նպատակ, որին պիտի հասնել քայլ առ քայլ: Եթե սա չլինի, ինքս ոչինչ ոչ մեկից չեմ ակնկալի»: