Երուսաղեմում նոյեմբերի 13-ին աճուրդի կհանվի հրեա հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում գիտնականը նացիստական վարչակարգի հաստատումից դեռ տարիներ առաջ Գերմանիայի համար «մութ ժամանակներ» էր կանխատեսել: Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, լոտի նախնական գինը կլինի 12 հազար դոլար:
Նամակը, որը հասցեագրված էր ֆիզիկոսի քրոջը՝ Մայային, Էյնշտեյնը գրել է 1922 թվականի օգոստոսին, երբ ստիպված է եղել մեկնել Բեռլինից և թաքնվել Գերմանիայի հյուսիսում՝ աջակողմյան ծայրահեղականների կողմից Գերմանիայի՝ ազգությամբ հրեա արտաքին գործերի նախարար Վալտեր Ռատենաուի սպանությունից հետո:
Նամակի վրա բացակայում է հետադարձ հասցեն, քանի որ ոստիկանությունը նախազգուշացրել էր Էյնշտեյնի կյանքին սպառնացող վտանգի մասին: Այս նամակը գրելուց 11 տարի անց՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո, հռչակավոր ֆիզիկոսը հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից և տեղափոխվել ԱՄՆ:
«Այստեղ ոչ ոք չգիտի, թե որտեղ եմ ես, և ինձ կորած են համարում: Այստեղ տնտեսական ու քաղաքական մութ ժամանակներ են սկսվում, ուստի ես ուրախ են, որ ունեմ այդ ամենից խուսափելու հնարավորություն»,- գրել է Էյնշտեյնը՝ հավելելով. «Գործերս լավ են՝ չնայած գերմանացի գործընկերներիս շրջանում եղած բոլոր հակասեմականներին»:
Համարվում է, որ նամակն Էյնշտեյնը գրել է գերմանական Քիլ նավահանգստային քաղաքում, ինչից հետո մեկնել է ասիական երկրներ ճանապարհորդելու: Նույն տարվա դեկտեմբերին նա դարձել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: