Դատավորների թոշակը իջնում է. forrights.am
Advertisement 1000 x 90

Դատավորների թոշակը իջնում է. forrights.am

Կառավարությունը մտադիր է համահավասարեցնել պաշտոնյաների կենսաթոշակը, այն հաշվարկել միասնական չափանիշներից ելնելով, և եթե ներկայացված օրինագիծը ընդունվի, ապա ամենասովորական ՊՈԱԿ-ի գիտաշխատողի և, օրինակ, դատախազի կենսաթոշակը իրարից շատ չեն տարբերվի: Ներկայում, ինչպես հայտնի է, դատավորների, դատախազների, քննիչների ծերությունը մյուս պաշտոնյաներից շատ ավելի ապահովված է:

Այդ նույն գիտաշխատողը, թոշակի գնալով, կարող է առավելագույնը 50-60 հազար դրամ կենսաթոշակ ստանալ, մինչդեռ, օրինակ, թոշակային տարիքի դատավորը միջինը 10 անգամ ավելի է ստանում:Հենց դատավորներն էլ օրենքի փոփոխության դեմ առաջին ընդվզողներն են:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» փոփոխված օրենքով, որը մշակել է աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը, սահմանվելու է պետական պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմ՝ 160 հազար դրամ: Մինչդեռ այսօր դատավորների կենսաթոշակը հաշվարկվում է ըստ նրանց աշխատավարձի՝ հասնելով 350-400 հազար դրամի և ավելի։ Նոր նախագծի վերաբերյալ սոցապնախարարի տեղակալ Սմբատ Սաիլյանից հետևյալ պարզաբանումը ստացանք.

«Նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն՝ պետպաշտոնյայի կենսաթոշակը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։ Սա դեռ նախագիծ է, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքներ ստանալու եւ ըստ այդմ համապատասխան որոշումներ կայացնելու համար»: Փոխնախարարը նշեց, որ օրինագիծը վերաբերում է այն պաշտոնյաներին, այդ թվում՝ դատավորներին, որոնք նոր են թոշակի անցնելու: Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ այս փոփոխությունից հետո դատական համակարգում կաշառակերությունը կավելանա, փոխնախարարը պատասխանեց. «Կքննարկենք, համապատասխան որոշումներ կկայացվեն: Ավելին այս պահին չեմ կարող հայտնել»:

Դատավորները պատրաստվում են բողոքել: Նոյեմբերի 7-ին կառավարության այս նորամուծության առիթով կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ բարձրագույն դատական խորհուրդը, որում կառավարության ներկայացրած նախագիծը որակեց որպես ոչ իրավաչափ: Այն, ըստ դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի, չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության արժեբանությունից ու հիմնարար սկզբունքներից և հակասում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին: «Դատավորի անկախությունն անհնարին է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված և Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից հավանության արժանացած` Իրավունքի գերակայության հիմնարար չափորոշիչների մեջ հատկապես կարևորվում է դատավորի նյութական ու սոցիալական անկախության առնչությամբ գործադիր իշխանության ներազդեցության բացառումը… Մտայնությունը, թե դատավորի կենսաթոշակը զուտ սոցիալական ապահովման միջոց է, չի համապատասխանում իրավական պետության և իրավունքի գերակայության երաշխավորման սկզբունքներին:

Դատավորի կենսաթոշակը նրա սոցիալական անկախության կարևորագույն երաշխիքն է, որի թուլացումը մեծագույն վտանգ է դատավորի ու դատական իշխանության անկախությանը», — նշվում է հայտարարության մեջ:

ԲԴԽ-ն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքում և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է: «Պետք է հաշվի առնել, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել դատական իշխանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը»:

Դատավորների շրջանում դժգոհության ալիք է հասունանում:
Թեև խմբագրական կտրվածքով նոր օրենքը վերաբերում է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք համոզված են, որ այն առավելապես ուղղված է հենց դատավորների, դատախազների և քննիչների դեմ: Օրինագծին կցված հիմնավորման մեջ շեշտվում է, որ այս երեք կատեգորիայի պաշտոնյաների կենսաթոշակը բարձր է, ինչը նվազեցնելու հաշվին հնարավոր կլինի իբրև բարձրացնել այլ անձանց ցածր կենսաթոշակը: Այլ կերպ ասած, առաջարկվում է կտրել բարձր ստացողների թոշակը և տալ ցածր ստացողներին:

«Խդիրն այն է, որ առաջարկության հեղինակը սոցիալական ապահովության նախարարն է, — ասում է դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ուզում անհատապես հանդես գալ, վստահ է, որ կոլեկտիվ բողոքներ են գրվելու, — արդյունքում ստացվում է, որ դատական իշխանության անկախության մասին պատկերացում չունեցող նախարարը շուտափույթ փորձում է համահարթեցման միջոցով ցածր կենսաթոշակների բարձրացման խնդիր լուծել, այսինքն՝ քանի որ պետական բյուջեի միջոցով դա ակնհայտ հնարավոր չէ անել, իսկ կուտակային կենսթոշակային հիմնադրամը ևս ի զորու չէ, ապա գտնվել է պարզունակ վերաբաշխման հնարքը»:

Արմավիրի դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց, որ այսօր դատավորների թոշակը հաշվարկվում է 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ եղած աշխատավարձի 92 տոկոսի 55 տոկոսի չափով: Այն կախված է աշխատավարձի չափից:

«Նոր փոփոխություններով առաջարկվում է կենսաթոշակը հաշվարկել մինիմում աշխատավարձի տասնապատիկի չափով: Մենք դեռ չգիտենք, ինչքան է մինիմումը հաշվարկվելու՝ 15, 20, թե 25 հազար: Ամենաշատը կլինի մոտավորապես, 170-ից 200 հազար: Այսօր մենք ընդհանուր ժողով ենք արել և հայտարարություն կանենք, որում մանրամասն կնկարագրենք այս ամենը: Շոու է արվում, որ հասարակ ժողովրդին ասեն՝ մենք էսքան ենք ստանում, դուք էսքան եք ստանում: Բայց դրա մեջ անհրաժեշտ է խորանալ: Մասնագիտացում կա, կրթություն կա: Եւ վերջապես, պետք է հաշվի առնել, որ այն դատավորները, ովքեր մի քիչ ավելի բարձր թոշակի են գնալու, շատ չեն: Նրանց թվաքանակը սահմանափակ է: 2014 թվից այլևս չի կիրառվել նախկին հաշվարկը, և թոշակի գնացողների թիվը շատ քիչ է, և այդքան կռիվ անելը անիմաստ է», — ասաց Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով Forrights.am-ի հարցերին:

«Ամբողջ խնդիրն այն է, , — ասում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, — որ բազային հաշվարկի համար որևէ ելակետ այս պահին օրենսդրորեն ամրագրված չի: Անմշակ, անպատրաստ, պոպուլիստական քայլ էր: Մեր թոշակները նախկինում ավելի բարձր էին՝ 75 տոկոս:

Ընդ որում, եթե աշխատում էիր բարեխիղճ, ամեն տարի հավելաճ ունեիր աշխատավարձի: Մեր բոլոր այն դասային կոչումները, դատավորների դասերը այն ժամանակ վերացրեցին, մտցրեցին հավելաճերի համակարգը, որ մարդը շահագրգռված լինի կայուն, ստաբիլ հասնելու թոշակի, այն երաշխիքով, որ դրա 75 տոկոսը մարդը ստանում է որպես թոշակ, ինչը լուրջ ստիմուլ էր և անկախության համար և սոցիալական երաշխիք էր, բացի նյութական թոշակը: Մարդը գիտեր, որ նա այս, կամ այն կողմ նայելու, բիզնեսի խնդիր չունի, ինչպես ամբողջ աշխարհում է: Տեսեք հիմա, մարդիկ 99 թվականին ընտրել են այս ճանապարհը, գալիս են, հասնում են վերջին, իրենց ասում են՝ չկա այդպիսի բան», — ասում է Սուրեն Անտոնյանը:

Դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, այս նույն՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելով, դատական համակարգում կրկին դժգոհություններ լսվեցին։ ՀՀ դատավորները դիմեցին համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը:

Եղել են դեպքեր, երբ դատավորները դատական կարգով են վիճարկել իրենց կենսաթոշակի չափը: 2013 թվականին պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանը դիմել էր ՀՀ դատական ատյաններ, վիճարկելով իր կենսաթոշակի հաշվարկման եղանակը: Օրենքի հետադարձ կիրառության արդյունքում դատավորը կրել էր գույքային էական վնաս՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով իր կենսաթոշակից, որը նա վաստակել էր տարիների իր աշխատանքով։

Սյուզան Սիմոնյան

forrights.am