Ծխող մայրերի երեխաների շրջանում շլությունն ավելի հաճախ է զարգանում: Այս մասին նշված է Acta Ophthalmologica ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները նշում են, որ հղի կանանց ծխելը սերունդի առողջության վրա բացասաբար է անդրադառնում: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են շլությամբ մոտ 5 հազար փոքրիկների և դեռահասների, ինչպես նաև 80 հազար առողջ երեխաների 20 դիտարկումների տվյալները:
Պարզվել է, որ օրական 10 ծխախոտից պակաս ծխող կանանց երեխաների մոտ շլության զարգացման հավանականությունը 17 տոկոսով մեծանում է: Ինչ վերաբերում է ծխելուց ավելի մեծ կախվածությամբ մայրերին, ապա նրանց դեպքում հավանականությունը հասնում է մինչև 80 տոկոսի:
Ուշագրավ է, որ մայրերի ծխելու և երեխաների մոտ շլության առաջացման միջև կապը դիտվել է տարբեր տնտեսական և սոցիալական խմբերի կանանց շրջանում: Սրա հետ կապված գիտնականները կարևորում են հղիության ժամանակ ծխելուց հրաժարվելը: Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է, որ բժիշկները պարտադիր հաշվի առնեն փոքրիկների աչքերի առողջության վրա ծխելու ազդեցությունը: