ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչ է անում յուրայինների ու թշնամիների բաժանում չանել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ, եթե մեկն ընտրություններում հաղթում է 80%-ով, չի նշանակում, որ մյուս 20%-ի հետ թշնամիներ են, այլ դա նշանակում է, որ այդ 20%-ը պետք է մնա, որպեսզի Հայաստանում ավտորիտար համակարգի հեռանկարի սպառնալիք գոյություն չունենա։
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այս տեսակետից ապացուցել է իր վճռականությունն ու կամքը, ամրությունը՝ հարված պահելու, հաստատակամությունը՝ աշխատելու՝ որպես ամենասուր քննադատություններով հանդես եկող գործիչներ։
Նրա կարծիքով՝ սկզբունքայնությունը քաղաքական կյանքից վերացնելը կնշանակի՝ վերացնել հայկական ընկալումների մեջ ամենակարևորը՝ բարոյական նկարագիրը։
Ա.Աշոտյանը նախքան լրագրողի հարցին պատասխանելը՝ հետաքրքրվեց՝ արդյոք լրագրողը փոփոխություններ տեսնո՞ւմ է Հայաստանում: Լրագրողի արձագանքին, թե կա մթնոլորտի փոփոխություն, Ա. Աշոտյանը նկատեց, որ մթնոլորտի փոփոխությունը պայման է գործ անելու, և այն նկատվել է ապրիլի 23-ից ու պետք է փոխակերպվեր որոշակի աշխատանքի: Լրագրողի դիտարկմամը, թե նոր իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դեռևս ժամանակ է պետք մաքրելու համար նախկին իշխանությունների սխալները՝ խառնված են «ատամի խոզանակի և կոշիկի խոզանակի տեղերը», Ա. Աշոտյանը պատասխանեց.
«Եթե ՔՊ-ն քաղաքական հիգիենայի խնդիր ունի, ապա թող վստահ լինեն, որ ՀՀԿ-ն հիգիենայի խնդիրներ ընդհանրապես չունի։ Եթե ասեին ժողովրդին, որ 20 տարի պետք է մաքրեն 20 տարվա ախոռը, ապա թող չխոստանային ոսկե սարեր, չխոստանային բարձր կրթաթոշակ, աշխատավարձ ու կենսաթոշակ։ Իրենք եկել էին իշխանության այլ խոստումներով, մի կարևոր բան անելու՝ բոլոր բարդ խնդրիներին հեշտ լուծումներ խոստանալով»։
Ա.Աշոտյանը հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը նախկինում խոսում էր Սաշիկի 50/50-ի մասին, կարմիր գծերն ու տեսախցիկները վերացնելու, բյուջեն 800 մլն-ով ավելացնելու, կենսամակարդակը բարձրացնելու մասին. «Ժողովո՛ւրդ, մենք գիտեինք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր, որովհետև խեղճ ժողովուրդը հոգնած լինելով և՛ իշխանություններից, և՛ պրոբլեմներից, և՛ ամեն ինչից, մտածում էր, որ կա փրկիչ։ Փրկիչ չկա և չի կարող լինել, որովհետև Փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկվելու, գնացել է, ով իրեն հավատում է, փրկվում է, ով չէ, չէ։ Բայց դա քաղաքականության հետ կապ չունի։ մնացած ամեն ինչը, ինչպես ռուսն է ասում, от лукавого՝ խորամանկություն է։ Այդ խորամանկության արդյունքները մենք այսօր տեսնում ենք»։
Ա.Աշոտյանը նշեց, որ Ն.Փաշինյանն ընտրությունները դեկտեմբերին է բերել, որովհետև տեսնում է շաբաթ առ շաբաթ իր գահավիժող վարկանիշը, երկրի իրական խնդիրները որևէ կապ չունեն իր նախընտրական խոստումների և ճառաբանության հետ, իսկ վերջին շաբաթների իր «ամենացինիկ» ձևակերպումը դարձել է իր ամենամոլի երկրպագուների քննադատության թիրախ, որ երկրում կա 800 հազար պորտաբույծ. «Այս տեսակի ձևակերպումները, կամ նոր է հասկացել՝ ինչ գործի է անցել, այդ դեպքում վատ է, որ 6 ամիս խաբել է բոլորին, մոլորեցրել և ասել, որ գիտի, բայց հետո եկել է ու նոր սկսել սովորել։ Չի կարելի հավակնել մի պաշտոնի, եթե անգամ տեսականորեն այդ գիտելիքները չունես, ինչքան էլ սիրված լինես, մարդկանց մեջ կարողանաս փոփոխությունների համոզմունք արթնացնել։ Ապրի՛ ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ որոշակի հույս առաջացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն։ Ու ես՝ որպես այս երկրի քաղաքացի, որպես ՀՀ երկու անձնագիր ունեցող քաղաքացի, այդ թվում՝ դիվանագիտական, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հիասթափություն, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չբախվի իրականությանը, որը շատ հեռու է իր հեքիաթային պատկերացումներից։ Այստեղ, այս դահլիճում կառավարությանն աշխատացնող մարդիկ են պետք։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Դավիթը, Արփինեն, Վահրամն այդ մարդկանց աշխատացնելու ենք»։
Նա հարցադրում արեց, թե քանի՞ հոգի մարդ կա այսօր Հայաստանում, որ կրթությունից կամ խորհրդարանական դիվանագիտությունից հասկանում է այնքան, որքան ինքը կամ Շարմազանովը։ Ա.Աշոտյանի դիտարկմամբ՝ իրենք մրցակցային առավելություններ ունեն, որ չեն ուզում տուն տանել, դրանից իր կենսամակարդակը քիչ է փոխվելու, որովհետև այսօրվա աշխատավարձով աշխատանքի առաջարկություն այժմ էլ ունի ինքը, և ոչ միայն՝ Հայաստանում. «Հետևաբար, կարծում եմ, «Իմ քայլը» դաշինքը պետք է ամեն ինչ անի, որ ընտրարշավը հավասար հնարավորությունների ընտրարշավ լինի բոլոր ուժերի համար։ Դա իրենց է պետք, դա ինձ չի պետք, որ ես կարողանամ Էրեբունիում, Կենտրոնում նորմալ քարոզարշավ անեմ, որովհետև եթե չկարողանամ, մեկին տասը պրոբլեմ եմ սարքելու։ Շատ ազնիվ ասում եմ»։
Դիտարկմանը, որ ժողովուրդն է ընտրություն կատարելու, Ա.Աշոտյանը հակադարձեց, որ բնակիչների մեծ մասը վարչապետի պաշտոնակատարի հոգեբանական ազդեցության տակ է, Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի լայվով ԱԺ փակել ու բացել, այսօր նա այդ մոգականությունն ունի, դրա համար քաղաքական պայքարի մեսիջը պետք է նրանից գնա. ««Իմ քայլը» պետք է դադարի օգտագործել ընտրական ռեսուրսը՝ ընտրությունների իրենց ուզած արդյունքն ապահովելու համար։ Տնաշեննե՛ր, պետք չի ձեզ 85%, ի՞նչ եք անում, դուք հո Նիկոլբաշի չե՞ք սարքում, իմաստը ո՞րն է։ Եթե, մեկ է, ըստ Սահմանադրության, ունենալու եք ձայների 2/3-ը, 85% խի՞ եք հավաքում։ Ի՞նչ եք անելու։ Ո՛չ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ո՛չ կտակելու եք որևէ մեկին, ո՛չ էդքան պատգամավոր եք ունենալու։ Պատահական չեմ ասում՝ 85%, որովհետև իրենք այդպիսի ցուցանիշների ակնկալիք ունեն։ Իմա՞ստը»։
Հիշեցմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն էր այդքան տոկոսներ «խփում», Ա.Աշոտյանը պատասխանեց. «Մենք մեր սխալների բեռը մեր ուսերի վրա տարել ենք, մենք մեր սխալների ծանությունը մինչև հիմա կրում ենք։ Մենք մեր սխալների, կամ երբեմն սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք արդեն, այլևս իշխանություն չենք։ Պըրծ, քըխ Հանրապետականն այլևս իշխանություն չի, գնացել ենք, եկել է իշխանություն, որ ասում է, որ ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, չգիտեմ, ուժեղ եմ ավելի։ Գործ արեք, ժողովո՛ւրդ»։
Ա.Աշոտյանը նշեց, որ իշխանության կարիքն ընդդիմության մեջ է լինելու, որովհետև երբ նույն ԼՂ հարցով տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, ինքն այլևս չի կարողանա ասել, որ ժողովրդի հետ խնդիր կունենա, որովհետև ոչ մեկը դրան չի հավատա։ Թե ինչո՞ւ մարդիկ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, Աշոտյանն ասաց. «Եթե մեր երկիրն ունի պահանջ այլընտրանքի, հավասարակշռության, փորձի, գիտելիքի, եթե մեր երկիրը չի ուզում ամեն անգամ իր տունը կառուցելուց՝ քանդի մինչև ֆունդամենտ և ասի՝ նորից եմ կառուցում, եթե մեր երկիրը՝ ի դեմս իշխանությունների, կարծում է, որ պետությունը շարունակական գործընթաց է, ոչ թե բուլդոզերն ամեն անգամ բերել, քարը քարին չթողնել, նորը կառուցել, մենք երբեք այդ շենքը չենք ունենալու։ Որովհետև մեր պատմությունը 10 տարին մեկ վկայում է այն մասին, որ գալիս են իշխանություններ, որոնք փորձում են սաղ արմատախիլ անել, վերացնել։ Մենք այդպիսի տրամաբանություն, հոգեբանություն չունենք։ Թող 80%-ն ընտրի Նիկոլ Փաշինյանին, թող մնացած 20 %-ը մտածի, թե ինչպես է բաշխելու իր ձայնը»։
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ