13-11-2018 ՖԱՀՖ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով հապշտապ մշակված ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգը, ապա պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիստական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։
ՖԱՀՖ-ը առաջիններից մեկը տարածեց Հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին և համարեց «Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը, իր նշաձողի անկման աստիճանով, աննախադեպ»։ Կինոհանրույթի արձագանքն այնքան կոշտ էր, որ ազգային կինոկենտրոնը չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց և հրավիրեց փորձագետների խումբ՝ ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգ ստեղծելու նպատակով։
Որքան էլ կարճ տևեց նախարարության կողմից ձևավորած խմբի մշակած ֆիլմերի ֆինանսավորման նոր Կանոնակարգի և Պետական Հանձնաժողովի անփառունակ կյանքը, այնուամենայնիվ այն ամբողջովին արտացոլեց կինոյի պետկան կառավարման մեջ արմատացած բոլոր ախտերը։ Հովանավորչությունը, մեքենայությունները թայֆայականությունն ու ստվերային պայմանավորվածությունները ամբողջ փնջով դրսևորվեցին «Մակունցի հանձնաժողովի» ձևավորման ընթացքում, նաև հավելվեցին դիլետանտիզմն ու ցինիզմը։ ՖԱՀՖ-ը հրապարակում է իր ավարտական ամփոփ վերլուծությունը և հայտարարում, որ չի համակերպվելու Կինոյի կառավարման ոլորտում տիրող այս իրավիճակի հետ։
Հգ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ամբողջական տեքստը կհրապարակվի ՖԱՀՖ ֆեյսբուքյան էջում և կտարածվի զանգվածային լրատվամիջոցներին երեքշաբթի` նոյեմբերի 13-ին ժամը 12:00