Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»,- ասել է Վ. Բալասանյանը:
Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է: Ըստ Վ. Բալասանյանի՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է:
«Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված`այն որոշակիորեն հետաձգվել է, սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, մենք կունենանք այդ փաստաթուղթը»,- նշել է ԱԽ քարտուղարը: