Այսօր ԱԺ-ում հետաքրքիր շրջադարձ եղավ: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, պահը բաց չթողնելով՝ նրան հարց ուղղեց՝ եթե մենք վաղը վերացնենք կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞, ի՞նչ ենք շահում դրանցից:
Սա շրջադարձ է այն առումով, որ տարիներ առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հարց էր ուղղել ՀՀԿ-ի իշխանությանը ու ամենասուր ձաով քննադատել այն պատասխանը, որը հիմա պատգամավորներին տրվում է իր իշխանության օրոք:
Հովհաննես Քոչարյանը Մելքումյանի հարցին պատասխանեց. «Մեր ուսումնասիրությամբ, արագաչափերի տեղադրումը 2012-ից և ընդհանրապես տեխնիկական վերահսկողության միջոցների օգտագործումը երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելիս կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով: Այսինքն, եթե մենք տարեկան միջինում ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11 տոկոսով ավելի կլիներ: Սա միանշանակ եզրահանգում է, այս վերլուծության արդյունքները մի քանի անգամ վերահաստատվել են»: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ հեղափոխությունից հետո ոստիկանությունը որոշակի մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունը, բայց արդյունքները վատ են, դա բերեց նրան, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ եղան. «Արագաչափերի զսպող նշանակությունը մեզ համար ակնհայտ է ու այս հարցում ոստիկանությունն իր կայուն դիրքորոշումն ունի»:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am