«Իսկ Դուք փորձագետին լսե՞լ եք». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը՝ նախարարի պաշտոնակատարին
Advertisement 1000 x 90

«Իսկ Դուք փորձագետին լսե՞լ եք». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը՝ նախարարի պաշտոնակատարին

«Մենք խնդրում ենք հնարավորություն տալ՝ աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան, որովհետև չենք ուզում դրանք փչացնել: Եվ շատ կասկածում ենք, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, ուստի չենք ուզում տեղափոխել ղեկը, որպեսզի ավելի մեծ վտանգի տակ չընկնենք»,- դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, ասացին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները:

Նրանցից մեկն էլ հավելեց. «Ձեր փոխնախարարը փաստում է, որ իր մեքենան էլ է աջ ղեկով և չի պատրաստվում փոխել, որովհետև դա շատ վտանգավոր է… Էդ ինչի՞ իրա համար վտանգավոր է, մեր համար վտանգավոր չի՞»:

Նախարարի պաշտոնակատարը լսելով խնդրի հետ կապված հավաքվածների դժգոհություններն, ասաց. «Դուք էիք ասում, որ Վրաստանի տարածքում են ղեկ փոխում, հիմա էլ շատացել են փոխողները, հերթեր են առաջանում, թուրքերն են աշխատում՝ գներ են բարձրացնում… մենք էլ փորձել ենք այս մեխանիզմով թույլ տալ, որ ձեր խնդիրը լուծեն…»:

Ցուցարարներից մեկի հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ շարունակում եք նախկին կառավարության քաղաքականությունը, որ այստեղ ևս մենաշնորհ կա, որպեսզի ղեկ փոխելու տեղեր բացվեն, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Եթե լավ բիզնես ա, դուք արեք, ինչի ո՞վ չի թողնում, կամ ինչի՞ համար եք ասում նախորդ կառավարություն, ես նման բան եմ ասե՞լ, մենք, ընդամենը փորձում ենք ձեզ օգնել, որպեսզի ավելի արագ լինի այդ գործընթացը: Չեք ուզո՞ւմ, բերեք Հայաստանում փոխեք, ի՞նչ ասեմ»:

Հակոբ Արշակյանի դիտարկմանը, թե այդ օրենքն ընդունվել է բազմաթիվ քննարկումների արդյունքում, հավաքվածները հակադարձեցին՝ պնդելով, որ այն ընդունվել է

կեղծ փաստերի հիման վրա:

«Կեղծ ե՞ն, գնացեք կեղծողին դատի տվեք, էս ի՞նչ եք ինձ ասում,- վրդովվեց պաշտոնյան:

«Կեղծ փաստերի պատճառով էսօր մենք կանգնել ենք սահմանին, չենք կարողանում անցնել»,- շարունակեցին իրենցը պնդել ցուցարարները:

ՏԿՏՏ նախախարի պաշտոնակատարը եզրափակելով իր խոսքն ասաց, որ ՃՈ-ն դեմ է, որպեսզի աջ ղեկով մեքենաները շարունակեն շահագործվել և այդ բոլոր հարցերը նրանց հետ պետք է նախևառաջ քննարկել: «Ձեր և մեր դիրքորոշումները չեն համընկնում: Ոստիկանությունը հայտնել է իր դիրքորոշումը, ՊԵԿ-ն էլ առաջարկել է: Մենք լսել ենք իրենց, համաձայնվել ենք՝ դարձրել կառավարության որոշման նախագիծ»:

«Իսկ Դուք փորձագետին լսել ե՞ք, որ ասել է ղեկ տեղափոխելը վտանգավոր է»,- դիմելով նախախարի պաշտոնակատարին, ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը, որի հարցն անպատասխան մնաց:

mamul.am