Այսօր «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Բիզես Արմենիայի» սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ, անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։
Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։
Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։
Հարգելի գործարարներ և ներդրողներ,
Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։
Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։
Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։