Վերջին շրջանում միջազգային ֆուտբոլային մթնոլորտը թեժացել է։
Նոյեմբերի 2-ից Football Leaks-ը Der Spiegel-ի և եվրոպական 14 այլ լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով հրապարակում է ֆուտբոլային աշխարհին առնչվող գաղտնի գործարքների, կեղծիքների, խարդախությունների վերաբերյալ լուրեր։
Գրանդ ակումբների նախագահները, ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները ստիպված են հանդես գալ հերքող հայտարարություններով, սակայն սկանդալային լուրերը շարունակում են հաջորդել մեկը մյուսին։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Football Leaks-ը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում և ի՞նչ նպատակներ են հետապնդում։ Armsport.am-ը սկսում է Football Leaks-ի պատմությանը և սկանդալային բացահայտումներին առնչվող հրապարակումների շարքը։
Առաջին սկանդալը
Football Leaks նախագծի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2015 թվականին։ Այն ժամանակ Football Leaks-ը հասարակ բլոգ էր, որը շուտով սկսեցին անվանել ֆուտբոլային WikiLeaks։ Ջուլիան Ասանժի քաղաքական նախագծի նման, Football Leaks-ը սկսեց հրապարակել սկանդալային ինֆորմացիա։
Առաջին աղմակահարույց տեղեկատվությունը «Տվենտեի» և Doyen Sports հիմնադրամի կապի մասին էր։ Վերջինս հոլանդական ակումբից գնել էր մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքներ, ինչն անթույլատրելի է, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ տրանսֆերային իրավունքներին հավակնում են միայն ակումբները։
Մասնավորապես, Doyen Sports հիմնադրամն իր մասնաբաժինն էր ունեցել Կուինսի Պրոմեսի տրանսֆերում։ «Սպարտակի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարած 11,5 միլիոն եվրոյից 2,76 միլիոնը բաժին էր հասել վերոնշյալ հիմնադրամին։ «Տվենտեն» համագործակցել էր Doyen Sports-ի հետ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։ «Տվենտեի» ղեկավարությունը հիանալի գիտակցել էր, որ խախտում է ՖԻՖԱ-ի կանոնադարությունը, դրա համար էլ պայմանագրերը պատրաստել էին երկու օրինակով։ Առաջին օրինակն ուղարկել էին Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միություն, երկրորդը (ճիշտ օրինակը)՝ Doyen:
Պրոմեսի տրանսֆերին առնչվող փաստաթուղթը
Այս տեղեկատվությունը չվրիպեց Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միության ուշադրությունից, որն ուսումնասիրեց Պրոմեսի տրանսֆերին առնչվող բոլոր փաստաթղթերը և արդյունքում ֆինանսական կեղծարարությունների համար ակումբին 3 տարով արգելեց մասնակցել եվրագավաթներին և տուգանեց 45 հազար եվրոյով։ Այժմ Պրոմեսի հարազատ թիմը հանդես է գալիս հոլանդական երկրորդ լիգայում։
Խորհրդավոր Ջոնը
Football Leaks-ի հեղինակը հանդես է գալիս Ջոն անունով։ Նախկին գործակա՞լ, ֆուտբոլային մենեջե՞ր, ՖԻՖԱ-ի կամ ՈւԵՖԱ-ի պաշտոնյա՞․․․ հայտնի չէ, թե ով է այդ խորհրդավոր Ջոնը։ Միակ մարդը, ում հետ Ջոնը պարբերաբար կապի մեջ է լինում, գերմանական Der Spiegel-ի լրագրող Ռաֆայել Բուշմանն է։ Անցյալ տարի Բուշմանը և Der Spiegel-ի խմբագիր Միխաել Վուլցինգերը հրատարակեցին Football Leaks-ի մասին համանուն գիրքը։
Ռաֆայել Բուշմանը պատմել է, որ Ջոնը 2015 թվականին նամակագրություն մեջ է եղել իր հետ և միայն 2016 թվականի սկզբին է համաձայնել հանդիպել։ Der Spiegel-ի լրագրողի խոսքով՝ Ջոնը պորտուգալացի է, ծնվել է Լիսաբոնում։ Ջոնը հավաստիացում է, որ Football Leaks-ում հաքերներ չեն աշխատում․ սա պարզապես տարբեր երկրներում բազմաթիվ աղբյուրներ ունեցող նախագիծ է, որի նպատակն է լույս սփռել ֆուտբոլային աշխարհի վրա։
Խորհրդավոր Ջոնը ESPN-ի վարկածով ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում 16-րդն է։ Ջոնին համեմատում են Ասանժի, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենի և PricewaterhouseCoopers աուդիտային ընկերության հաշվապահ Անտուան Դելտուրի հետ, ով ներկայացրել է, թե ինչպես են ավելի քան 300 կազմակերպություններ (Pepsi, Apple, Ikea և այլն) խուսափում հարկերից՝ ֆինանսական կեղծարարություններ կատարելով Լյուքսեմբուրգի միջնորդությամբ։
Նշվածներից Ասանժը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան տարածքում է ապաստանել։ Սնոուդենը փախչում էր Ռուսաստան, որպեսզի պետական դավաճանության համար ԱՄՆ-ում բանտում չհայտնվեր, իսկ Դելտուրը կոմերցիոն գաղտնիք հրապարակելու համար մեկ տարով պայմանական ազատազրկվեց և հսկայական տուգանքներ վճարեց։
Ջոնը չի ցանկանում կրկնել այս «հերոսների» ճակատագրերը, դրա համար էլ իր մասին տեղեկատվական որևէ հոսք թույլ չի տալիս։
Ամբողջությամբ՝ armsport.am