ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակումը.
«Սիրելի հայրենակիցներ.
Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել և բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում և ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր և ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ և իրարանցում չստեղծելու և նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար:
Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության և նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաև կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ:
Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով և մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ և մոտիվացված լինելու մեջ:
Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է և խնդրում եմ որևէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետևողականությամբ դուք որևէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաև սեփական օրինակով:
Լավ եղեք»: