Ողբերգական ավտովթարից հետո նախարարի պաշտոնակատարը որոշել է զինվորականների ազատել ծառայությունից, մի քանիսին էլ` խիստ նկատողություն տալ։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը 4 զինվորականի ազատել է ծառայությունից։ Facebook-ում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը` վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական ծառայությունից ազատել 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ–ին»,– գրել է Հովհաննիսյանը։
Եվս երկու զինվորական նախազգուշացում են ստացել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին: Նրանք են` ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն։
Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ–հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.–ն։
Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.-ն։
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էին շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, շարքային Հրանտ Արայի Գասպարյանը, շարքային Էդգար Արմենի Հունանյանը, շարքային Դավիթ Բենիամինի Մելքոնյանը: