Ինչո՞ւ է Սոչին «փոքր Հայաստան», կամ ինչպես հեշտացնել տեղի համայնքի կյանքը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Սոչին «փոքր Հայաստան», կամ ինչպես հեշտացնել տեղի համայնքի կյանքը. armeniasputnik.am

Սոչին հիրավի կարելի է անվանել մեծ Ռուսաստանի «փոքր Հայաստան», քանի որ այստեղ հայերն ընդգրկված են քաղաքի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ լայնորեն տարածված կարծիքը կիսում է նաև Սոչիում Հայաստանի հյուպատոս Տիգրան Սարգսյանը։

Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է ընդամենը 10 օր առաջ, սակայն նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է զգալ քաղաքի յուրահատկությունը։ Դիվանագետը պատրաստվում է արմատական փոփոխություններ անցկացնել` Սոչիում Հայաստանի քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար, ինչի մասին էլ նա պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Երբ շուրջբոլորը հայեր են

«Հայերին այստեղ կարելի է հանդիպել ամենուրեք, լինի սպասարկման ոլորտ, թե պետական կառույց։ Հայեր կան քաղաքային դումայում, դատական համակարգում, քննչական կոմիտեում», – ասաց Սարգսյանը։

Հյուպատոսի խոսքով` մի կողմից, իհարկե, ուրախալի է տարբեր քաղաքներում և երկրներում հայրենակիցների հանդիպելը, մյուս կողմից` տխուր է տեսնել, որ Հայաստանում տիրող ծանր սոցիալ–տնտեսական դրության պատճառով մարդիկ ստիպված են լքել հարազատ երկիրը ։

«Հուսով եմ, որ շուտով Հայաստանում տեղի կունենան դրական տեղաշարժեր, տնտեսական իրավիճակը կբարելավվի և մարդիկ կսկսեն տուն վերադառնալ», – ասաց Սարգսյանը։

Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որը հյուպատոսություն ունի Սոչիում, ինչը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ սերտ ռազմավարական հարաբերությունների շնորհիվ։

Սոչին ներառում է չորս շրջաններ` Ադլերի, Լազարևյան, Խոստինսկի և Կենտրոնական։ Հայերը կազմում են քաղաքի բնակչության 1/3–ը։ Նրանց մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներն են, որոնք այստեղ տեղափոխվել են աշխատելու կամ սովորելու համար, ուստի հյուպատոսական բաժինն այստեղ իսկապես անհրաժեշտ է։

Ավելի հեշտ կլինի

Ամեն տարի Հայաստանի 20-25 քաղաքացի տարբեր հարցերով ` անձնագիրը փոխելու, քաղաքացիություն ստանալու կամ այն վերականգնելու հարցերով դիմում են հյուպատոսություն ։

«Ավելի համակարգված աշխատանքի համար կներմուծվի հերթի միասնական էլեկտրոնային համակարգ։Ծրագրում ենք նաև լրացուցիչ հեռախոսահամար ձեռք բերել, որն այսպես կոչված «թեժ գիծ» կծառայի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք այստեղ հայտնվել են արտակարգ իրավիճակում», – ասաց Սարգսյանը։

Դիվանագետը նշեց, որ բաժինն անխափան աշխատում է, քանի որ գլխավոր նպատակը Հայաստանի քաղաքացիներին իրավաբանական, խորհրդատվական, ինչպես նաև հոգեբանական օգնություն ցուցաբերելն է։

Հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են Հայաստանի քաղաքացիները, կապված են Ռուսաստանի տարածքում գտնվելու հետ, նշեց Սարգսյանը։ Հյուպատոսին ուրախացնում է մի միտում. չափահաս դարձած ավելի շատ հայեր են դիմում հյուպատոսություն` հայրենիք վերադառնալու և բանակում ծառայելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ամենամեծ հայ համայնքն ապրում է հենց Կրասնոդարի երկրամասում։ Ոչ պաշտոնական տվյալներով` այստեղ ավելի քան 600 հազար հայեր կան։

armeniasputnik.am