Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող փաստաբան Սերգեյ Ժորինը, որը դատարաններում ներկայացնում է հայտնի անձանց գործերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացի մասին։
«Գույքային վեճը սահուն, դանդաղ տանում ենք դեպի լուծում», – ասաց Ժորինը։
Փաստաբանը գործընթացի ձգձգման երկու պատճառ նշեց` համատեղ ձեռք բերված ունեցվածքի ծավալն ու գույքագրելու հետ կապված դժվարությունը։ Պաշտպանն ասաց, որ Ստեպանենկոն երկար ժամանակ ոչ ոքի չէր թողնում մտնել այն բնակարան, որտեղ հիմա մենակ է ապրում։ Հենց այնտեղ է գտնվում համատեղ ձեռք բերված ունեցվածքի մեծ մասը։ Ժորինի խոսքով` կինը ոչ ոքի թույլ չէր տալիս շեմից ներս անցնել, անգամ Պետրոսյանին։
«Հիմա մեզ հաջողվել է հարկադիր կատարողների հետ մտնել այդ բնակարան ու գույքագրել ունեցվածքը»,– ասաց նա։
Փաստաբանի խոսքով` բավականին դժվար է բաժանել արժեքավոր իրերը` նկարները, գրքերը, հին իրերը։
«Այնտեղ միայն հինգ հազար միավոր մշակութային արժեք կա», – նշեց փաստաբանը։
Կատարյալ տարբերակ կլինի, եթե ամուսիններն իրենք պայմանավորվեն` ով ինչ է ուզում, հետո վիճելի իրերը դատարանում բաժանեն։ Հակառակ դեպքում ունեցվածքի բաժանումը կարող է երկար տևել։
«Ցավոք, Ստեպանենկոն չի ուզում զիջումների գնալ։ Խնդիրը ցանկացած դեպքում կլուծվի, բայց գործընթացն ավելի երկար կտևի», – ընդգծեց Ժորինը։
Փաստաբանն ասաց, որ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ամուսնության չեղարկումն առանձին վարույթով եղավ։ Վերջին նիստի ժամանակ դատարանը պաշտոնապես բաժանեց հայտնի արտիստներին։
«Ինձ մոտ տպավորություն է, որ Ստեպանենկոյի գլխավոր խնդիրը Պետրոսյանին ապահարզան չտալն էր… Երևի նա մտավախություն ունի, որ Պետրոսյանը կարող է ապահարզանից հետո միանգամից ամուսնանալ», – ասաց պաշտպանը։
Ժորինը կարծում է, որ իրադարձությունները հակասում են առողջ տրամաբանությանը։
Նրա խոսքով` նախկին ամուսինները ստիպված կլինեն մեծ գումար վճարել, եթե պատրաստվում են հերթով գնահատել հինգ հազար իրերը։ Իսկ շատ ավելի հեշտ կլինի, եթե պայմանավորվեն։ Փաստաբանը կարծում է` անհնար է, որ հինգ հազար իրերն էլ բուռն վիճաբանություններ առաջացնեն։
«Հուսամ` Ստեպանենկոն միտքը կփոխի և հաջորդ նիստի ժամանակ կառուցողական երկխոսություն կվարի», – ասաց Ժորինը։
Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա ի սկզբանե ասում էր, որ պատրաստ է զոհաբերել ունեցվածքի կեսն ու մի բան էլ ավելի, որպեսզի ապահարզան ստանա։ Սակայն նախկին սիրեցյալը դեմ է։
«Նա ուզում է ամուսնու դրամական միջոցների 100%–ը, բոլոր նկարները, սրբապատկերները, գրքերը, ծաղկամանները, արձանիկները, ֆիլմերն ու անշարժ գույքի մեծ մասը», – ընդգծեց Պետրոսյանի պաշտպանը։
Փաստաբանն ասաց, որ երգիծաբանն այս բարդ իրավիճակում իրեն իսկական ջենտլմենի պես է պահում։
Հայտնի զույգի բաժանման մտադրության մասին հայտնի է դարձել օգոստոսի 3–ին։ Հիշեցնենք` Պետրոսյանն ու Ստեպանենկոն ավելի քան 30 տարի ամուսնացած էին։ Այդ տարիների ընթացքում նրանք միասին ելույթ էին ունենում տարբեր շոուներում ու համատեղ հյուրախաղեր էին անցկացնում։