Հին, ամբողջությամբ կամ մասնակիորեն վերամշակված գործվածքից պատրաստված հագուստն այս տարի կարող Է գլխավորել Սուրբ Ծննդյան առթիվ ամենից շատ գնվող նվերների ցուցակը: Այդ մասին ասված Է Ստոկհոլմի Մանրածախ առեւտրի ինստիտուտի (HUI) հաղորդագրության մեջ:
«2018 թվականի Սուրբ Ծննդյան նվերը հագուստն Է, որը պատրաստվել Է վերամշակված գործվածքից կամ հին հագուստից. այն արտացոլում Է շվեդ սպառողների հետաքրքրությունները նոր կայուն այլընտրանքների նկատմամբ եւ աճող անհանգստությունը՝ կլիմայի ու շրջակա միջավայրի առնչությամբ»,- մամուլի համար արված հաղորդագրության մեջ շվեդ փորձագետները պարզաբանում են Սուրբ Ծննդյան նվերի ընտրությունն այս տարի: Այն բանի շուրջ իրենց կանխատեսումներում, թե հատկապես որ ապրանքը Շվեդիայում կարող Է առավել մեծ ժողովրդականություն վայելել, փորձագետները ելնում են երեք չափանիշից՝ արդյոք շատ սպառողներ են ընթացիկ տարում հատուկ ուշադրություն դարձրել տվյալ ապրանքի վրա, այն արտացոլում Է արդյոք մեր ժամանակի միտումները եւ արդյոք վայելում Է գնորդների պահանջարկը:
Փորձագետները կարեւոր չափանիշ են համարում նաեւ իրենց սեփական զգացողությունները: Վերլուծաբաններն իրենց կանխատեսումներն ամեն տարի հրապարակում են 1988 թվականից եւ հաճախ բանավեճերի ու կատակների տեղիք են տալիս երկրում. երբեմն փորձագետները ճիշտ են կանխատեսում սպառողների տրամադրությունները, երբեմն դրանք այնքան Էլ չեն համընկնում: Անցյալ տարի մանրածախ առեւտրի վերլուծաբանները կանխատեսել Էին, որ Սուրբ Ծննդյան տոնին առավել շատ գնվող նվերը կդառնա Էլեկտրական հեծանիվը, իսկ մեկ տարի առաջ՝ VR վիրտուալ իրականության ակնոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: