Կառավարությունը հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է փոխհատուցման գումարները: «Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում եւ ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի»,- ասել է Բալայանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չկա՞ մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի, այլ հիփոթեքային վարկ ձևակերպվի ու այդ գումարն ուղղվի վարկը փակելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ: «Ինչո՞ւ ենք այդքան գումարը ծախսում, հետո մարդն իր ծառայությունն ավարտեց, ասում ենք, դե լավ, գնա, քեզ բնակարան չենք տալիս: Կարող է մարդն ասի՝ ինձ տայիք գումար, ես ծառայության այդ փողը չեմ ուզում, այսինքն` քաղաքում բնակարան եմ գնում, որ ծառայությունից հետո գնամ այնտեղ ապրեմ»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ նախագծի, զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երևանում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ: