Երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծումը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, ուստի պետությունը առանձնակի ուշադրության է արժանացնում այդ խնդրի լուծմանը՝ ֆինանսական կազմակերպությունների միջնորդությամբ աջակցելով երիտասարդներին ձեռք բերելու մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր:
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թվականից մեկնարկել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, որի նպատակն է՝ ձևավորել համապատասխան մատչելի պայմաններ՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկերն ավելի հասանելի դարձնելու համար: Նշված ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկերը տրամադրվել են առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորել է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմել է 8,5-9 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորել է 4 տոկոսը), իսկ առավելգույն տարիքային շեմը՝65:
Հաշվի առնելով բազմաթիվ դժգոհությունները և երիտասարդների կողմից վերհիշյալ ծրագրին պասիվ մասնակցությունը՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնությամբ որոշակի փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրում, ինչի արդյունքում նվազեցվեց հիփոթեքային վարկի կանխավճարի չափը մինչև 20 տոկոս, բարձրացվեց երիտասարդ ամուսինների տարիքային շեմը՝ մինչև 70 տարեկան և վերանայվեցին նաև այլ պայմաններ:
Ըստ նոր նախագծի՝ երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 20 միլիոն դրամ արժեքով բնակարաններ: Կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում հնարավոր կլինի 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 միլիոն դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում։ Մայրաքաղաքում բնակարան ձեռք բերելու դեպքում, կառավարությունը կսուբսիդավորի վարկի 2 տոկոսը, մարզի դեպքում՝ 4 տոկոսը։ Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9,5 տոկոս տոկոսադրույքով։ Մարզերում և Երևանում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը (նախկինում՝ 70 տոկոս), սակայն ոչ ավելի, քան 20 միլիոն դրամը (նախկինում՝ 17,5 միլիոն դրամ)։
Բնականաբար, նոր սահմանված պայմանները որոշակիորեն բարելավում են երիտասարդների համար հիփոթեքային վարկի ստացումը, սակայն այնումանեայնիվ դրանք դեռ չի կարելի գնահատել շահավետ ու մատչելի, ինչպես նաև հասանելի երիտասարդության լայն շերտերին՝ պայմանավորված հետևյալ խնդիրների առկայությամբ.
• Վարկի ժամկետի բավական կարճ լինելը. 10 տարին հիփոթեքային վարկի համար բավական կարճ ժամկետ է, առավել ևս երիտասարդների համար նման բարձր ֆինանսական բեռ կրելու առումով, քանի որ ամսեկան վարկի մարումները բավական մեծ գումար են կազմում, իսկ ըստ առևտրային բանկերի կողմից սահմանված պահանջի՝ աշխատավարձի միայն 40 տոկոսը կարող է ուղղվել վարկի մարմանը: Կարծում ենք, այդ ժամկետը պետք է կազմի ոչ պակաս քան 25 տարին, ինչպես դա կիրառվում է շատ երկրներում: Բացի այդ, շատ դեպքերում առևտրային բանկերի կողմից հաշվի չի առնվում անձի ստացած փաստացի եկամուտները, ինչի պատճառով բազմաթիվ երիտասարդներ զրկվում են վարկ ստանալու հնարավորությունից:
• Ամուսինների տարիքային շեմը. թեև այդ շեմը փոքր ինչ բարձրացվեց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում երիտասարդները բավական ուշ են ամուսնանում, ուստի նշված շեմը նպատակահարմար է կրկին վերանայել, քանի որ այս ծրագրով լուծվում է երիտասարդ նոր կազմավորվող ընտանիքների բնակարանով ապահովման հարցը: Կարծում ենք, այդ շեմը կաելի է հասցնել մինչև 75 տարեկան:
• Կանխավճարի բարձր չափը. 20 տոկոս կանխավճարի առկայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում երիտասարդ ընտանիքների համար, քանի որ որպես կանոն երիտասարդ ընտանիքները հիմնականում դեռևս չունեն բավարար խնայողություններ: Ընդ որում, նույնիսկ երիտասարդ ընտանիքում երկու ամուսինների աշխատանքի առկայության պայմաններում դժվար է կուտակել բավարար խնայողություններ՝ բացառությամբ բարձ աշխատավարձով աշխատանքի դեպքերի, իսկ նման դեպքերում այդ ընտանիքը կարող է առանց լուրջ դժվարության օգտվել ընդհանուր հիփոթեքային վարկավորման ծրագրերից: Նշենք, որ արտասահմանյան բազմաթիվ երկրներում հիփոթեքային վարկեր են տրամադրվում նաև առանց կանխավճարի:
• Թեև շուկայականից որոշակիորեն ցածր, սակայն այնուամենայնիվ բարձր տոկոսադրույքները, որոնց պարագայում վարկի մարումները մեծ ֆինանսական բեռ են հանդիսանում երիտասարդ ընտանիքների ընտանեկան բյուջեների համար: Երիտասարդ ընտանիքներին իրականում աջակցելու համար հիփոթեքային վարկի տոկոսադրույքները պետք է անհամեմատ ավելի ցածր լինեն: Մասնավորապես, ՌԴ-ում այդ վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է մինչև 6 տոկոս,իս բազմաթիվ այլ երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում՝ 2-4 տոկոս:
Վերոհիշյալ բացասական կողմերի առկայությունը բնականաբար խոչընդոտում է նշված նպատակային ծրագրում ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավմանը և բնակարանային պայմանների բարելավմանը: Ուստի, ազգաբնակչության սոցիալ-տնտեսական բարելավման և երիտասարդների արտագաղթը կանխելու տեսանկյունից օրակարգային խնդիր ենք համարում մեր հանրապետությունում երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի պայմանների էական մեղմացումը և այդ նպատակային ծրագրին երիտասարդության լայն շերտերի ներգրավումը: