Ինչո՞ւ է «Հեռուստամարաթոնն 2018»-ն ավելի քիչ գումար հավաքել. պարզաբանում է Հայրապետյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է «Հեռուստամարաթոնն 2018»-ն ավելի քիչ գումար հավաքել. պարզաբանում է Հայրապետյանը. armeniasputnik.am

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց, թե ինչու է «Հեռուստամարաթոնը 2018»-ն ավելի քիչ գումար հավաքել։

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել է Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»-ի արդյունքները, որն այս տարի նախորդ տարվանից քիչ գումար է հավաքել։

Նրա խոսքով` օբյեկտիվ պատճառներ կան. դրանցից մեկը ժամանակի սղությունն էր. մինչև վերջին պահը սփյուռքում չգիտեին` արդյո՞ք հեռուստամարաթոնն անցկացվելու է, թե՞ ոչ։

«Մենք նույնպես մեր աշխատանքում բացթողումներ ենք ունեցել, բավականին արդյունավետ չենք աշխատել սփյուռքի հետ տեղեկատվության կարգավորման հարցում։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ համապատասխան եզրակացություններ կարվեն։ Տրամադրված ենք հետագայում այդ ուղղությամբ աշխատելու»,- նշեց նա։

Ինքը` Հայրապետյանը, բազմիցս ասել է, որ սփյուռքի հետ հարաբերությունների առողջացման խնդիր կա։

Չի կարելի հույսը դնել միայն հետհեղափոխական էյֆորիայի վրա։ Սփյուռքի հետ հարաբերությունների լավացման ճիշտ քայլեր են պետք։ Հայաստանն ինքը պետք է հասկանա` ինչպես է պատկերացնում աշխատանքը սփյուռքի հետ. հակառակ դեպքում` սփյուռքը դիտարկվում է կամ միայն որպես գումարի աղբյուր,  կամ Հայաստանն իր վրա համակարգողի դեր է վերցնում` դրսի կառույցների ներքին գործերին չմիջամտելով։

Սփյուռքի առջև բազմաթիվ մարտահրավերներ կան։ Կան կրթական բազում խնդիրներ։ Հայրապետյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր վրա այս առումով մեծ պատասխանատվություն վերցնի։

Աշխարհասփյուռ հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին 11 106 633 դոլար է փոխանցել։ Նախորդ տարի 12 505 456 դոլար էր հավաքվել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնվել է 1992 թվականին համազգային նախագծեր իրականացնելու, Հայաստանի ու Արցախի ենթակառուցվածքները զարգացնելու համար։

armeniasputnik.am



Նման նյութեր