Վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: Այս մասին նոյեմբերի 24-ին համաերևանյան երթի ընթացքումի ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր հրավիրած երթով սկսվում է հեղափոխության մի նոր փուլ:
«Այսօր մենք ամփոփում ենք մարտի 31-ին սկսած քայլարշավի մի շատ կարևոր փուլ, բայց այսպիսով այսօր մենք սկսում ենք մի նոր, շատ ավելի երկար քայլարշավ, և այդ քայլարշավը էստաֆետով փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ: Այդ քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հավերժությանը, Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության հավերժությանը: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան, ամուր, հզոր պետություն, պետք է երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավերժ: Եվ այս ապագայի համար մենք այսօր կրում ենք հատուկ պատասխանատվություն, որը ոչ միայն անհատական, այլև քաղաքացիական պատասխանատվություն է: Եվ ուրեմն մեր քայլարշավն այսօր նվիրված է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի հետագա հաղթանակներին, որոնց պատասխանատվությունը այսօր կրում ենք մենք, որպես կառավարություն, որպես քաղաքացի, որպես ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխության մասնակիցներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: